կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 14:45
Տարածաշրջան

Թուրքիայի կրթության նախարարությունը Հայոց ցեղասպանության մասին սկանդալային հարցեր է ներկայացրել

Թուրքիայի կրթության նախարարությունը Հայոց ցեղասպանության մասին սկանդալային հարցեր է ներկայացրել

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը նոյեմբերի 26-ին անցկացված «TEOG» քննության ժամանակ (նախնականից միջնակարգ դպրոց անցնելու համար անցկացվող քննություն) «Թուրքիայի Հանրապետության հեղափոխության պատմությունը և քեմալիզմը» գրքույկում չի անտեսել նաև Հայկական հարցը։ 

Ըստ «Ակօս»-ի` ազգային կրթության նախարարությունը (ԱԿՆ) սկանդալային քննական հարցեր է ներկայացրել: Այսպես`

Օսմանյան կայսրության «տեղահանության օրենք»-ի համաձայն` երկրի հայերի մի մասին Սիրիայի տարածք տեղահանելու ժամանակ՝

* հետաձգել է տեղահանվածների հարկերը,

* սպաներին հանձնարարվել է պաշտպանել տեղահանվածներին գաղթի ամբողջ ճանապարհին,

* թույլատրվել է, որ (տեղահանվածները) իրենց հետ վերցնեն իրենց իրերը,

* նաև հրամանագիր է հրապարակվել, որով տեղահանվածներին պատերազմի ավարտից հետո վերադառնալու իրավունք է տրվել:

Այս տեղեկությունների համաձայն՝ Օսմանյան կայսրության գաղթի քաղաքականության մասին նշվածներից ո՞ր տարբերակը չի համապատասխանում իրականությանը: 

ա) կարևորություն է տրվել տեղահանվածների անվտանգությանը,

բ) փորձել են պաշտպանել տեղահանվածների նյութական իրավունքը,

գ) տեղահանւթյամբ փորձ է արվել ոչնչացնել Անատոլիայի հայկական ունեցվածքները,

դ) տեղահանությունը  իրավական դաշտում է իրականացվել:

Ազգային կրթության նախարարության կազմած մեկ այլ հարց ևս` «Արևելյան ճակատի ռազմական հաղթանակից հետո հայերի հետ կնքվել է Գյումրու պայմանագիրը։ Դրանով թուրք ժողովրդի վստահությունը խորհրդարանի նկատմամբ ավելացել է։ Հայաստանը ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) գոյությունը և չեղյալ է համարել Սևրի պայմանագիրը»։

Այս տեղեկությունների համաձայն՝ Արևելյան ճակատում տարված հաղթանակի հաջողությունների մասին նշվածներից ո՞ր տարբերակը չի համապատասխանում իրականությանը:

ա) մեծացել է ԹԱՄԺ-ի հեղինակությունը,

բ) ԹԱՄԺ-ը քաղաքական հաջողություն է ունեցել,

գ) ճակատների մեջ կոալիցիա է ապահովել,

դ) վերացել են հայերի՝ անատոլիական հողերի հետ կապված նկրտումները:

 

Սրան արձագանքել է Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների միջազգային խմբի համակարգող Նուրջան Քայան, ով հոկտեմբեր ամսին քննադատել էր կրթական համակարգը։

«Ակօս»-ի հետ զրույցում Քայան նշել է. «Կրթական համակարգի հիմնական նպատակը ոչ թե երեխայի շահերը պաշտպանելը, մանկավարժական զարգացումը, առաջադիմության բարելավումը և բազմակարծիք ժողովրդավարական արժեքները սերմանելն է, այլ թուրք ազգայնականության և թուրք մահմեդականության սինթեզը: Նաև պատմության սխալ մեկնաբանություն է իրականացվում»:

Նա նաև նշել է, որ կրթական համակարգը և քննություններն օգտագործվում են որպես Հայոց ցեղասպանության հերքումը տարածելու միջոց: Քայան ընդգծել է, որ նմանատիպ դեպքերի հանդիպել են նաև նախկինում, և որ սա շարունակական գործընթաց է դարձել՝ քննությունները դարձնելով գործիք: Նա նաև հավելել է, որ այս երևույթն անընդունելի է: