Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործն ուղարկվել է դատարան: Այն մակագրվել է մարզի դատավոր Հարություն Մովսեսյանին: Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ Մովսեսյանն այս գործով դատական նիստը կքննի արտագնա՝ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում: Այս կապակցությամբ գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ դեռևս դատարանից ծանուցում չի ստացել և չի կարող ասել` նիստն արտագնա՞ կլինի, թե՞ ոչ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում: Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետև առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նույն տնից հափշտակելով 64.300 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» տեսակի բջջային հեռախոսներ և 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար, դեպքի վայրից հեռացել է:
Այնուհետև Վալերի Պերմյակովը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած` ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված, տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, վերադարձել` պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում ` գիշերը, ապօրինի հատել սահմանը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Վալերի Պերկյակովը, չունենալով սահման հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն, նույն օրը` ժամը 24-ի սահմաններում, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին` ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից: Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ` միաժամանակ 3 հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 10-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանը դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու գործով Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Նա իր պատիժը կրում է խստացված ռեժիմով: