կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 18:41
Առանց Կատեգորիա

ԼՂՀ-ն` բանակցային կո՞ղմ, կամ ինչո՞ւ էր Բակո Սահակյանը մեկնել Մոսկվա

ԼՂՀ-ն` բանակցային կո՞ղմ, կամ ինչո՞ւ էր Բակո Սահակյանը մեկնել Մոսկվա

Երեկ ավարտվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 5-օրյա աշխատանքային այցը ՌԴ մայրաքաղաք: Ֆորմալ իմաստով` այցը կայացավ, այսպես կոչված, Մոսկվայում կազմակերպված «Արցախի օրեր» մշակութային ծրագրի շրջանակներում: Չնայած դրան` Սահակյանի այցն ուներ ընդգծված քաղաքական նշանակություն: Դա արտահայտվեց նախ` այցի աննախադեպ տևողությամբ, ապա` նաև «Ռեգնում» գործակալության սրահում բավականին ներկայացուցչական մամլո ասուլիսի կազմակերպմամբ:

Եթե այցը կրեր բացառապես մասնավոր բնույթ, ապա Մոսկվան հազիվ թե թույլ տար Ադրբեջանին գրգռող անվանումով («Արցախյան օրեր») միջոցառումների անցկացումը և հանդուրժեր Կրեմլի ոչ պաշտոնական քարոզչա-տեղեկատվական ռեսուրսը հանդիսացող գործակալությունում ԼՂՀ նախագահի ասուլիսի անցկացումը, որտեղ Սահակյանն իրեն իրավունք վերապահեց հանդես գալու Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործողությունների համար ռուսական օդուժին տրամադրելու և այդ հարցով երկկողմ քննարկումներին պատրաստ լինելու մասին հայտարարություններով: Սա խոսում է, մի կողմից, այցին թաքնված քաղաքական պաստառ հաղորդելու, մյուս կողմից` դրանով կոնկրետ հասցեատերերի ուղերձներ հասցնելու` Մոսկվայի տրամադրվածության մասին:

Այդ հասցեատերերից մեկը, թերևս, Հայաստանն է: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Հայաստան` մասնակցելու Երևանում կայանալիք միջտարածաշրջանային համաժողովի: Դա Հայաստանում բուռն հակազդեցություն առաջացրեց, և այդ կապակցությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Աքսյոնովին Հայաստանից որևէ մեկը պաշտոնական հրավեր չի ուղարկել: Միջտարածաշրջանային համաժողովը կայացավ նոյեմբերի սկզբին: Դրան մասնակցեց նաև ՌԴ պառլամենտի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, սակայն Աքսյոնովը Հայաստան չժամանեց: Երևանին, փաստորեն, հաջողվեց կանխել իր համար չափազանց լուրջ դիվանագիտական հետևանքներ ենթադրող այդ պրովոկացիան: Եվ ցույց տալով, թե ինչպես է «ընդունում» Բաքո Սահակյանին, ռուսական կողմը, թերևս, մեծացնում է Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշումը` Ղրիմի հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու առումով:

Բայց իհարկե, հիմնական շարժառիթը դա չէր: ԼՂՀ նախագահի այցը տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում, հիշեցնենք, Լավրովն անընդունելի համարեց Ղարաբաղյան հիմնահարցը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակից հանելու և միջազգային այլ կառույցներ տեղափոխելու` Ադրբեջանի փորձերը: Լավրովի այս հայտարարությունն արտառոց էր ԼՂ հիմնահարցը «սեփականացնելու» և ՄԽ ձևաչափն իմաստազրկելու` վերջին շրջանի նրա նախաձեռնությունների ֆոնին, ինչը, թերևս, նախանշում է եռանախագահության ֆորմատին վերադառնալու, ԼՂ հարցի հետ կապված իր առանձին պլաններից առնվազն ժամանակավորապես հրաժարվելու` Մոսկվայի նոր ուղեգիծը: Բակո Սահակյանին փաստացի որպես ինքնիշխան պետական միավորի ղեկավարի ընդունելով` Մոսկվան գուցե ցանկանում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ապացուցել իր այդ «վերադարձի» լրջությունը` նպաստելով ՄԽ-ի համար ամենահրատապ` բանաակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու խնդրի լուծմանը: Իսկ այստեղ, որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, ԼՂՀ-ին կարող է էական դերակատարում վերապահվել:

Օրեր առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջանային վերջին այցի ընթացքում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, թե եկել է նախորդ տարի շվեյցարացիների կողմից արված` նախագահների մակարդակով բանակցություններին զուգահեռ, այսպես կոչված, «համակարգված բանակցություններ» սկսելու ժամանակը: Խոսքը վերաբերում է պատվիրակությունների մակարդակով բանակցություններին, որոնք, հասկանալի է, պետք է վերաբերեն արդեն համաձայնեցված սկզբունքների իրականացման մանրամասների ու մեխանիզմների մշակմանը` դրանք խաղաղության մեծ համաձայնագրում ամրագրելու համար: Այս առաջարկությունը, որի իրական հեղինակը Ադրբեջանն է, մերժվել էր Երևանի կողմից, քանի որ այն անտեսում է հայկական կողմին հետաքրքրող ամենակարևոր հարցի` սկզբից ևեթ ԼՂ կարգավիճակի որոշման խնդիրը:

Եվ ահա Երևանում Ուորլիքը, հայտարարում է. «Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների ձևաչափի ուղղությամբ, և թե ովքեր պետք է լինեն այդ բանակցություններիս սեղանի շուրջ»: Սա ուղղակի ակնարկ է, որ համանախագահները ԼՂՀ-ի ներգրավումը բանակցություններում համարում են հնարավոր: Թերևս պատահական չէր, որ իրենց տարածաշրջանային վերջին այցի ընթացքում համանախագահները մեկնեցին նաև Ստեփանակերտ, որտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, թե, առանց բանակցություններում Ստեփանակերտի ներգրավման, հարցը լուծվել չի կարող: Ի դեպ, այս հայտարարությունը նա արել է նաև մոսկովյան իր այցի ժամանակ: Այսինքն` փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, մի կողմից, հայկական կողմը համառում է բանակցային սեղանի շուրջ ԼՂՀ-ի վերադառնալու հարցում, իսկ Ադրբեջանը` առանց մադրիդյան սկզբունքների շուրջ ամբողջական համաձայնությունների հասնելու, լայն ֆորմատով կարգավորման համապարփակ համաձայնագրի մշակմանն անցնելու: Չի բացառվում, որ համանախագահները հիմա փորձում են հասնել նրան, որ Հայաստանը համաձայնի սկսել խաղաղության մեծ համաձայնագրի «համակարգված» մշակումը, իսկ Ադրբեջանը համաձայնի այդ բանակցություններում որևէ մակարդակով ԼՂՀ-ի, գուցե նաև, այսպես կոչված,  «ԼՂ-ի ադրբեջանական համայնքի» ներգրավմանը:

Որքանով է սա հավանական, պարզ կդառնա, թերևս դեկտեմբերին կայանալիք Սարգսյան-Ալիև բանակցությունների հերթական ռաունդի արդյունքներից: Սակայն հատկանշական է, որ մինչ այդ ՄԽ համանախագահները խորհրդակցություններ են անցկացնում ՄԱԿ-ում և Վաշինգտոնում: Պարզ է, որ խորհրդակցություններն իմաստ են ունենում միայն բանակցություններում նոր նյուանսների առկայության դեպքում:

Այս իմաստով` Բակո Սահակյանին Մոսկվայից ազատ արտահայտվելու հնարավորության տալով` Մոսկվան կարող էր, ի տես համանախագահների և Բաքվի, արտահայտել ԼՂՀ-ին որպես բանակցային ինքնուրույն սուբյեկտ ճանաչելու պատրաստակամությունը: Այլ հարց է, որքանով է այս լուծումը ձեռնտու Երևանին և Ստեփանակերտին: Նրանց հաշվարկը կարող է լինել այն, որ, անկախ նրանից` բանակցությունները սկզբունքների շո՞ւրջ են տեղի ունենում, թե՞ համաձայնագրի կետերի, առանց կարգավիճակի հարցը հստակեցնելու` որևէ լուծում հնարավոր չի լինելու: Մինչդեռ` եթե հաջողվի օգտագործել առիթը, մի կողմից հնարավոր կլինի հետաձգել լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, իսկ մյուս կողմից` գուցե հնարավոր դառնա ԼՂՀ-ին բանակցային ձևաչափ վերադարձնելը: Դրանից հետո հակամարտությունն իր բուն էությանը վերադարձնելը, այսինքն` ինքնորոշման իրավունքի հարթություն տեղափոխելը, կդառնա ավելի դյուրին:       

Գևորգ Աղաբաբյան