կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 14:38
Հասարակություն

Ի՞նչ տվյալների հիման վրա է Կորյուն Նահապետյանը գովում արագաչափերի տեղադրումը

Ի՞նչ տվյալների հիման վրա է Կորյուն Նահապետյանը գովում արագաչափերի տեղադրումը

Այսօր ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը:

Հարակից զեկուցող` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հարցը վերաբերում էր տեսանկարահանող սարքերին ու արագաչափերին: Մինչ այդ Կորյուն Նահապետյանը ամբիոնից հայտարարեց, թե այդ սարքերի ներդրումը նպաստել է ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը:

Փաշինյանը նշեց, որ զարմացած է, թե այդ ի՞նչ տվյալների հիման վրա է նա այդպիսի հայտարարություն անում: Նա ներկայացրեց պաշտոնական վիճակագրության տվյալներ` ապացուցելով, որ այդ պատահարների թիվը, հակառակը, գնալով աճել է: «Ձեզ առանձին տվյալներ են տալիս, մեզ առանձի՞ն»,- հարցրեց Փաշինյանը: 

Նա նաև հարց ուներ մի ծրագրի մասին, որը պետք է իրականացվի եկող տարի, ծրագրով` որոշակի սնունդով են ապահովվելու Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի առաջին դասարանի երեխաները: Պատգամավորը հարցրեց, թե ինչո՞ւ մնացած սահմանամերձ մարզերը և համայնքները դուրս են մնացել այդ ծրագրից:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ ազգային անվտանգության ամրապնդման տեսակետից գերակա է հենց սահմանամերձ համայնքների ամրապնդումից, և որ ցանկացած նման հարց ընդունելի է իր համար:

Ինչ վերաբերում է ՃՏՊ վիճակագրական տվյալներին, նա նշեց, որ, կարծես, տարբեր վիճակագրական տվյալների մասին է խոսքը, և ևս մեկ անգամ պնդեց, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը նպաստել են ճանապարհային պատահարների նվազեցմանը:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, թե պատգամավորներն ինչ ասում են, Կորյուն Նահապետյանն ասում է՝ եկեք` քննարկենք, մինչդեռ` հարցերը շատ պարզ են, քննարկելու բան չկա: Իսկ ինչ վերաբերում է վիճակագրական տվյալների տարբերություններին, Նիկոլ Փաշնյանը նշեց, որ իր ձեռքի տակ ենարդարադատության նախարարի կնիքով հարցման պատասխանները և ԱՎԾ տվյալները, և չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է լինեն այլ տվյալներ: