կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 16:22
Քաղաքական

Շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին. Նիկոլ Փաշինյան

Շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ հանձնաժողովների նիստում քննարկվում էր կառավարության  ներկայացրած՝ 2016թ. բյուջեի նախագիծը:

Երևանի քաղաքապետարանին հատկացումները, ինչպես միշտ,  ներկայացրեց ոչ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով գրեթե միշտ չի ներկայանում նման քննարկումներին, այլ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Եվ ամեն տարի բյուջեի կատարողականների ու նախագծերի քննարկման ժամանակ ավանդույթ է դարձել, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պետք է հարցնի, թե ո՞ւր է Տարոն Մարգարյանը, ինչո՞ւ չի բարեհաճել ներկայանալ քննարկումներին:

Այս անգամ ևս բացառություն չէր: Նիկոլ Փաշինյանը Կամո Արեյանին հիշեցրեց, որ այս տարվա մայիսին բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, երբ հարցրեց, թե ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չի ներկայացել, Կամո Արեյանը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում է: Բայց նիստից հետո պարզվեց, որ Տարոն Մարգարյանը ոչ միայն Երևանում էր, այլև այդ օրը վարել է հանձնաժողովի նիստ, ընդունել Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչներին:

«Ինչպե՞ս կարող էիք Դուք ԱԺ-ին իրականությանն այսքան շատ չհամապատասխանող տեղեկություն տալ: Այս տարի՞ ինչ է պատահել Տարոն Մարգարյանին, ինչո՞ւ նա ներկա չէ նիստին»,- հարցրեց պատգամավորը:

Կամո Արեյանը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանը խոր հարգանք ունի ԱԺ-ի հանդեպ, որ նա լավ գիտի ԱԺ-ի տեղի ու դերի մասին: «Ես երբեք թյուրիմացություն չեմ ստեղծել. Տարոն Մարգարյանի այցը Սանկտ Պետերբուրգ պլանավորված է եղել, պարզապես նա վերադարձել է օրվա երկրորդ կեսին և ընդունել պատվիրակություն: Այս անգամ Տարոն Մարգարյանը չի ներկայացել այս քննարկումներին, որովհետև ընդունելու է գերմանական Կարմիր խաչի ծրագրի պատվիրակությանը, դա նունպես նախապես պլանավորված հանդիպում է, պետք է քննարկվեն նոր համաձայնագրերի մասին մի շարք հարցեր»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Այս տարվա մայիսի բյուջեի կատարողականի օրվա կապակցությամբ, երբ համադրում ենք ինֆորմացիան, ստացվում է, որ ավագանու նիստը տեղի է ունեցել մեր հանձնաժողովի նիստից առաջ, այսինքն՝ Տարոն Մարգարյանը Երևանում էր: Հիմա Դուք ասում եք, որ ԱԺ-ի նկատմամբ մեծ հարգանք ունեք, և եթե դա արտահայտվում է նրանով, որ ակնհայտ սուտ տեղեկատվություն տրամադրեք, հիմա կլինի՞՝ մենք էլ ձեզ այդպես հարգենք: Խնդիրը հարգանքը չէ, Դուք սխալ տեղեկատվություն եք տվել, փոխանակ բացատրեք կամ գոնե ասեք՝ ցավում եմ, կներեք, ասում եք՝ հարգում եմ: Եթե տենց ա, նենց եմ Ձեզ ու այսօրվա իշխանություններին հարգում, որ չեք պատկերացնում: Եթե այդպես է, էլ մարզպետերը ինչի՞ են գալիս էստեղ՝ բյուջե քննարկելու, թող իրենք էլ չներկայանան, ու ասենք՝ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին»,- ասաց Փաշինյանը: