կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 09:47
Առանց Կատեգորիա

Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթեւան մնացածների խնդիրնե՞րը․ «Ժողովուրդ»

Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթեւան մնացածների խնդիրնե՞րը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի երեքին Ազգային ժողովում գումարվելու է արտահերթ նիստ, օրակարգում երկու հարց է՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւ ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Դատական օրենսգրքի փաթեթն ամենաշատ քննարկվածներից մեկն է եւ նաեւ հասցրել է ենթարկվել քննադատության: Իսկ ի՞նչ է նախատեսում այդ նախագիծը: Նախատեսվում է ավելացնել ինչպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ քսանմեկ դատավորով է ավելանալու դատավորների թիվը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավորով: Այսինքն՝ այս նախագծերի փաթեթների ընդունման պարագայում 24 դատավորի հաստիք է ավելանալու, որն էլ իր հերթին նոր ծախսերի է հանգեցնելու:

Բանն այն է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար 400 ՀՀ դրամ, իսկ Վերաքննիչ դատարանում աշխատավարձերն համեմատաբար ավելի բարձր են. այս դատարանում մեկ դատավորը միջինացված ստանում է 1 մլն 92 հազար ՀՀ դրամ աշխատավարձ: Հիշեցնենք՝ 8 մլրդ դրամ էլ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար էր նախատեսվել: Ստացվում է՝ արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն այլ շռայլ ծախսեր են կատարվում:

Թե որքանով են այս ծախսերն արդարացված, դժվար է ասել հետպատերազմական Հայաստանում, որտեղ ունենք հազարավոր անօթեւաններ, զոհվածների անպաշտպան ընտանիքներ, վիրավոր, հաշմված զինվորներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում