կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 10:19
Հասարակություն

Տուլայում վթարված ավտոբուսը պատկանում էր Պալաչի «Կինգ Դելյուքս» ընկերությանը. մանրամասներ 7 հայի մահվան հանգեցրած ողբերգական պատահարի մասին

Տուլայում վթարված ավտոբուսը պատկանում էր Պալաչի  «Կինգ Դելյուքս» ընկերությանը. մանրամասներ 7 հայի մահվան հանգեցրած ողբերգական պատահարի մասին

Նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում, Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:

Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է ՌԴ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտրամադրի պատահարի վերաբերյալ:

Բացվել են թեժ գծեր` 

- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով: