|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հոկտեմբերի 10-16-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում բարեգործական համերգային շրջագայությամբ հանդես կգա Դանիայի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը: Համերգը նվիրվում է նաև դանիացի մարդասերներ Մարիա Յակոբսենի և Քարեն Եփփեի հիշատակին, ովքեր 1915-ին, Սիրիայում որբանոցներ բացելով, հարյուրավոր հայ երեխաների են ապաստան տվել:
Այսօր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը լրագրողներին հայտնեց, որ նման համերգով հանդես գալու առաջարկը ՀՀ-ում Դանիայի դեսպանն է արել: «100 տարի հետո կազմակերպել համերգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին և դանիացի երկու մարդասերների հիշատակին` կարծես մի նոր կամուրջ է երկու երկրների միջև գցվում: Համերգին դանիացի երգիչները կկատարեն «Էրեբունի-Երևանը», մենք էլ` նրանց ժողովրդական գործերից մեկը կկատարենք»,- ասաց Հեքեքյանը:
Դանիայի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախմբի գեղարվեստական ղեկավար Դորտե Բիլը նշեց, որ իրենց համար կարծես երազ լինի Հայաստան այցը: «Դանիայում օրեր առաջ մեր համերգաշրջանի վերջին համերգը տվեցինք, որի ժամանակ «Էրեբունի-Երևանը» կատարեցինք: Պետք է ասեմ, որ հանդիսատեսը շատ հուզված էր: Մեզ հետաքրքիր է` արդյո՞ք կարող ենք հայ հանդիսատեսին հուզել ձեր երգերով: Հայկական երգեր սովորելը շատ դժվար էր մեզ համար, որովհետև հայերենը գեղեցիկ, բայց դժվար լեզու է»,- ասաց նա:
Ի դեպ, Դանիան այն երկրներից է, որոնք դեռեւս չեն ընդունել Ցեղասպանությունը: Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունեն դրա վերաբերյալ հյուրեր, երգչախմբի տնօրեն Ռիկե Էբերլայնը պատասխանեց, որ կոնկրետ ինքն ամաչում է, որ մի երկրի քաղաքացի է, որը չի ընդունել Ցեղասպանությունը: «Մենք, չընդունելով Ցեղասպանությանը, սահմաններ ենք փակում: Հույս ունեմ, որ մենք և մեր աղջիկները կկոտրեն այդ սառույցը»,- ասաց նա: