կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-18 13:59
Առանց Կատեգորիա

Հրազդանում ծննդատան պատուհաններից երեւում է դիահերձարանը. խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է

Հրազդանում ծննդատան պատուհաններից երեւում է դիահերձարանը. խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է

Հրազդան քաղաքի ծննդատներից մեկի հարեւանությամբ գործում է դիահերձարան, որը անհարմարություն է պատճառում ծննդատան եւ՛ աշխատակիցներին եւ՛ ծննդկաններին. Կոտայքի մարզպետարանում խնդիրը քննարկվում է եւ տրվելու է համապատասխան լուծում։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Կոտայքի մարզպետարանի հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից:

«Այս պահին խնդիրը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում։ Քննարկվում է ինչպես դիահերձարանի տեղափոխման, այնպես էլ արտաքին ծածկի երեսպատման միջոցով տեսանելիությունը փակելու ուղղությամբ։ Ամենամոտ ապագայում այդ հարցը լուծվելու է»,- ասացին մարզպետարանից եւ հավելեցին, որ դիահերձարանը 20 տարի գործում է, իսկ ծննդատունը նախկինում գործել է այլ թաղամասում։

Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր, որ իրենց խմբագրություն են զանգահարում Հրազդանի ծննդատան հղիներ եւ ահազանգում, որ ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել։

«Լուսամուտից դուրս նայելիս ականատես ենք լինում դագաղների, դիակների տեղափոխման եւ լաց ու կոծի»,-ասել է նոր ծննդաբերած Լուսինե Փիլոյանը՝ ընդգծելով, որ բժիշկները եւս իրենց մտահոգությունը կիսում են, բայց ոչինչ անել չեն կարողանում։

Հղիները նշել են, որ եթե խնդիրն ինչ-որ կերպ չկարգավորվի, պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել. «Չի կարելի։ Մենք այստեղ գալիս ենք ուրախության համար, բայց պատկերացրեք, թե ինչ բացասական տեսարանների ենք ականատես լինում»,- վրդովված նշեց նոր ծննդաբերած կինը»։