կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 15:43
Տնտեսական

Աշխարհում գործերն ամեն տեղ լավ չեն, մենակ հոս չէ. սփյուռքահայ գործարար

Աշխարհում գործերն ամեն տեղ լավ չեն, մենակ հոս չէ. սփյուռքահայ գործարար

Այսօր կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել էր համաժողով-մրցանակաբաշխություն, որի ընթացքում պետք է քննարկվեին Հայաստանում ներդրումային ծրագրերի շրջանակներում առկա հնարավորությունները և առաջարկությունները, օտարերկրյա գործարարներին առաջարկվող ներդրումային հնարավորությունները, բարեփոխումները և լուծումները:

Խոստումնալից խորագրով այս համաժողովը, սակայն, աչքի ընկավ դատարկ դահլիճով, պասիվությամբ, մասնակիցների ոչ ակտիվությամբ, ոչինչ չասող ելույթներով: Ներկա էին առավելագույնը 4-5 գործարար, ներկայացուցիչներ` առողջապահության ու էներգետիկայի նախարարություններից, և Հայաստանում Բրազիլիայի, Թուրքմենստանի ու Բելառուսի դեսպանները:

Միջոցառմանը ներկա էր կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանը, ով Հայաստանում` Գյումրիում, զբաղվում է տեքստիլի արտադրությամբ: Նա իր արտադրանքը վաճառում է ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում: Այսպես կոչված` տրանզիտային գործարարությունն ավելի ձեռնտու է նրան` ֆինանսական առումով, քանի որ հարկերի հետ չի առնչվում:

Հակոբ Ամիրյանը ի պատասխան լրագրողների հարցին, թե այսօր ի՞նչ խնդիրներ կան գործարարների համար, պատասխանեց, որ որևէ խնդիր էլ չկա, ամեն ինչ հոյակապ է: «Իշխանությունները գործ չունեն այս ամենի հետ, գործարարն ինքը պետք է կարողանա պատվերներ ներգրավել: Եթե ես հոս ուզում եմ գործ բացել, պետք է օրենքով աշխատեմ: Ով օրենքով չաշխատի, արդեն պետք է վճարի: Եթե շիտակ ես աշխատում ու օրենքով, հարկայինը չի կրնա քեզ սեղմել, անկարելի բան է»,- ասաց կանադահայ գործարարը:

Հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր, տնտեսության աշխուժացման տեսանկյունից, ԵՏՄ անդամակցությունը, նա պատասխանեց, որ դա ճիշտ էր, քանի որ ԵՏՄ անդամ երկրներն ավելի մոտ են Հայաստանին:

«Կփոխվի, կարծում եմ, կլավանա: Ամեն տեղ աշխարհում գործերը լավ չեն, մենակ հոս չէ: Կանադա լավ չէ, Ամերիկա լավ չէ, Եվրոպա լավ չէ»,- եզրափակեց գործարարը: