կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 18:55
Առանց Կատեգորիա

Խորհրդավոր զարգացումներ ԼՂ հարցում. ինչո՞ւ է ակտիվացել Թուրքիան

Խորհրդավոր զարգացումներ ԼՂ հարցում. ինչո՞ւ է ակտիվացել Թուրքիան

Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին տեղի են ունենում արտառոց ինտենսիվ բանակցություններ: Ընդամենը օրեր առաջ Բաքու մեկնեց Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար  Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպումներից հետո Սինիրլիօղլուն հայտարարեց, թե ԼՂ հակամարտությունն ամենամեծ խնդիրն է տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար, և նշեց, որ Թուրքիան մտադիր է շարունակել ջանքերը` հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու համար:

Թուրքիայի արտգործնախարարի մակարդակով նման հայտարարություն լսելը, այն էլ` Բաքվից, նորություն չէ: Մանավանդ, որ արտգործնախարարի կարգավիճակում դա Սինիրլիօղլուի առաջին այցն էր եղբայրական Ադրբեջան: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Բաքվից Սինիրլիօղլուն անմիջապես մեկնեց Սոչի` հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովի հետ, ով ընդամենը երկու շաբաթ առաջ էր եղել Ադրբեջանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության` արտգործնախարարները Սոչիում քննարկել են ռուս-թուրքական  օրակարգում գտնվող բավական լայն շրջանակի հարցեր` սկսած առևտրատնտեսական հարաբերություններից մինչև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Սակայն որևէ ակնարկ այն մասին, որ Լավրովը և Սինիրլիօղլուն քննարկել են նաև Ղարաբաղյան հիմնահարցը, այդ հաղորդագրություններում չկա:

Փոխարենը այսօր հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 23-ին Մոսկվա է մեկնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մասնակցելու Ռուսաստանի մայրաքաղաքում մզկիթի բացման արարողությանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն արդեն հաստատել է, որ այցի շրջանակներում Էրդողանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակնհայտ է, որ ղարաբաղյան թեմատիկան Պուտին-Էրդողան բանակցությունների ամենաառանցքային հարցը չի լինելու: Հատկապես` ռուսական ռազմական տեխնիկան և կոնտինգենտը Սիրիայում հայտնվելուց հետո ռուս-թուրքական հարաբերությունները փաստացի հայտնվել են ճգնաժամի մեջ: Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե ապշած է Պուտինի հակասական վարքագծից, քանի որ այս տարի հունիսին Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողության շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում սիրական ճգնաժամի հարցում նա արտահայտել է մի դիրքորոշում, սակայն հիմա գործում է դրան տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ: Սիրիա զինուժ մտցնելու և դրանով նախագահ Ասադի վարչակազմի պաշտպանությունը փաստացի ստանձնելու` Պուտինի որոշումը խափանում է Թուրքիայի պլաններն այդ երկրում, և Անկարայում խնդիր ունեն հասկանալու, թե որո՞նք են Էրդողանին ապշահար անող Պուտինի իրական նպատակները, մանավանդ` եթե հաշվի առնենք այն տեղեկությունները, որ Կրեմլի առաջնահերթ նպատակներից մեկը Լաթաքիայում, այսինքն` Թուրքիայի հարավային սահմանի մոտ ռուսական ռազմաբազա  տեղակայելն է:

Բացի դրանից` նախորդ շաբաթ պարզ դարձավ, որ Անկարան փաստացի սառեցնում է Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը` Մոսկվայից արտոնյալ պայմաններ պահանջելով թե\' գազի տարանցման և թե\' ներքին սպառման գազի գների հարցում: Չի բացառվում, որ Պուտինը Էրդողանին հանդիպելու համաձայնություն է տվել այս խնդիրը բանակցությունների առարկա դարձնելու պայմանով միայն: Դրա մասին է վկայում այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարարի` Սոչի այցելելու նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որում նշվում էր, թե «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը երկու երկրների հարաբերություններում առաջնային նշանակություն ունեցող թեմաներից է, և որ  նախագծի գործարկման շուրջ համաձայնությունների` ժամանակին  և ճշտորեն իրականացման վերաբերյալ բանակցությունները կվերսկսվեն հնարավորինս շուտ: Թե ի՞նչ արդյունք կտա այս առումով Պուտին-Էրդողան հանդիպումը, առայժմ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Մոսկվայում բարդ խոսակցություն է սպասվում:

Արտգործնախարարների և նախագահների մակարդակով ռուս-թուրքական բանակցությունները Հայաստանի տեսանկյունից հետաքրքրական են դառնում ոչ միայն նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի` Մոսկվա այցելելու, Սինիրլիօղլուի և Լավրովի` Բաքու կատարած` բովանդակության անհայտության առումով խորհրդավոր այցելությունների պատճառով, այլ նաև սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի արած` Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների կազմակերպություն ստեղծելու առաջարկության ֆոնին: Մի կողմից` սա ՀԱՊԿ-ն վերակենդանացնելու և դրանում Հայաստանի մասնակցությունն իմաստավորելու Երևանի` հուսահատ փորձն է: Սակայն չի բացառվում, որ այն ուղղակի կապ ունի նաև հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում ստեղծված իրավիճակի հետ և ածանցված է ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ խուլ պրոցեսներից:

Ողջ հարցն այն է, թե տարածաշրջանում, ի դեմս խաղաղապահական կորպուսի, ռուսական հենքով ռազմական պոտենցիալի ավելացման գաղափարը գալիս է Երևանի՞ց, թե՞ Մոսկվայից: Ներկայիս ստատուս քվոն չի կարող բավարարել Բաքվին` շփման գծում խաղաղապահների տեղակայմանը համաձայնություն տալու համար: Եթե Երևանում համարում են, որ դա անխուսափելի է, չի բացառվում, որ նախագահի առաջարկությունը բխում է հենց ներկայիս ստատուս քվոյի պայմաններում խաղաղապահների տեղակայման սկզբունքից, որով Երևանը թերևս փորձում է լուծել չարյաց փոքրագույնի խնդիրը: Հետևաբար, ենթադրելի է, որ ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունները կարող են ուղղված լինել այս հարցում օպտիմալ լուծումներ գտնելու հետ: Սակայն սա առայժմ զուտ հիպոթեզի հարթությունում գտնվող խնդիր է, որի շուրջ որոշ իրողություններ և տենդենցներ գուցե հստակեցվեն Մոսկվայում առաջիկայում սպասվող բանակցություններից հետո: 

Գևորգ Դարբինյան