կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-10 11:30
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածը Մոսկվայից վերադառնալուց հետո նոր փորձաքննության կենթարկվի

Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածը Մոսկվայից վերադառնալուց հետո նոր փորձաքննության կենթարկվի

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժած Հարություն Զաքարյանը դեռևս դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության չի ենթարկվել, քանի որ բուժման նպատակով կրկին մեկնել է Մոսկվա: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Զաքարյանի պաշտպան Լևոն Սահակյանը՝ նշելով, որ վերադառնալուց հետո անպայման փորձաքննության կենթարկվի:

«Նրա վիճակը բավական ծանր է, քանի որ որևիցե առաջընթաց տեսողության վերականգման գործում չի գրանցվել, և այժմ Զաքարյան ընտանիքի հիմնական ու առաջնահերթ նպատակը տեսողության վերականգնումն է կամ առնվազն ավելի վատթարացումը կանխելը»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ  Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, օգոստոսի 20-ին դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել:  Yerkir.am-ին  Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ փորձաքննության պատասխանները դեռևս չեն ստացվել:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), եւ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, քանի որ, ըստ պաշտպանի, առողջական խնդիրներ ունի:

Դեռևս չեն ստացվել նաև գործով մեկ այլ մեղադրյալ` Սյունիքի մարզպետի եղբոր՝  Սեյրան Խաչատրյանի (Աղալար) նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ Սեյրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 2-ին Գորիսում Հարություն և Մուշեղ Զաքարյաններին դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: Սկզբում նրան մեղադրանք էին առաջադրել ՀՀ ՔՕ 118 հոդվածի (ծեծ), ապա՝ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):