Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա սպանության փորձ կատարելու համար մեղադրվող` օդանավակայանի նախկին աշխատակից Թովմաս Վարդանյանի գործով հերթական դատական նիստը:
Թովմաս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 –րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձ՝ շահադիտական դրդումներով): Ըստ մեղադրանքի՝ Թովմաս Վարդանյանը Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանին պարտք է եղել 100.000 դրամ, որը վերջինս պահանջել է վերադարձնել, ինչից հետո էլ, նախաքննական վարկածի համաձայն, Վարդանյանը որոշել է սպանել նրան: Մեղադրական եզրակացության համաձայն՝ սույն թվականի հունվարի 21-ին Թովմաս Վարդանյանը տուժողին տարել է Ազատաշեն-Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտամիջյան հատված և ուրագով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, սակայն, տեսնելով, որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասցրել, ձեռքերով փակել է կնոջ բերանը` փորձելով շնչահեղձ անել։ Հ.Ներսիսյանն ուշագնաց է եղել, իսկ Թ.Վարդանյանն, ըստ նախաքննական մարմնի, կարծել է, թե նա մահացել է եւ հեռացել է դեպքի վայրից։ Թ.Վարդանյանն իր պարտատիրոջը սպանելու մտադրությունը չի իրականացրել՝ իր կամքից անկախ պատճառներով։
Նշենք, որ այս գործով դատաքննությունը, Վարդանյանի 3-րդ պաշտպանի միջնորդությամբ, վերսկսվել է: Մինչ այդ գործով մեղադրող դատախազը նրա համար պահանջել էր 14 տարվա ազատազրկում, ինչից հետո մեղադրյալը հրաժարվել էր իր պաշտպանից ` հայտնելով, որ ցանկանում է գործում նոր պաշտպան ներգրավել:
Վարդանյանի նոր պաշտպան Արմեն Մկրտչյանի խոսքով` այս գործում առկա են մի շարք խախտումներ: Ըստ փաստաբանի` դեպքի վայրի զննությունը, որը, քննչական մարմնի հավատմամբ, կատարվել է ընթերակաների մասնակցությամբ, անօրինական է, քանի որ նման ընթերականեր գոյություն չունեն: Բացի այդ, ըստ Մկրտչյանի, գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված ուրագը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, քանի որ գործի քննությամբ պարզվել է, որ ուրագը փորձաքննության չի ենթարկվել:
Վարդանյանի մոր` Կիմայի խոսքով, իր որդին 17 տարեկանում բժշկի սխալի պատճառով հոգեկան շեղումներ է ստացել (կույրաղիքի վիրահատության ժամանակ) և հաշվառված է Մասիվի հիվանդանոցում: Հետաքրքրական է, որ գործով նշանակված դատահոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Թովմասն արարքը գործելու պահին մեղսունակ է եղել:
Վարդանյանի փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իր պաշտպանյալը չի հավատում արդարադատությանը, այդ իսկ պատճառով բազմիցս հացադուլ և ջրադուլ է հայտարարել, անգամ վերջերս` հունվարի 30-ին, կալանավայրում փորձել է իրեն վնասել:
Lուսանկարն` aravot.am-ի