Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությունը և հանրության հետաքրքրությունը Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ, տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին` ժամը 23:45-ի սահմաններում, իր հարևանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը, Վ. Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ ամուսնուն ծեծի ենթարկող անձինք մարմնական վնասվածքներ են պատճառել նաև իրեն:
Համապատասխան հարցմամբ ստացվել է 14.08.2015թ. Կարինե Գասպարյանի և Վ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի ձայնագրությունները, որի զննությամբ պարզվել է, որ 1-02 ծառայություն զանգելով Կ. Գասպարյանը հայտնել է, որ սկեսուրն իրեն ծեծի է ենթարկել, իսկ դրսում մարդիկ հավաքվել են իրեն պաշտպանելու համար ու կռիվ են անում: Դրանից 4 րոպե անց 1-02 ծառայություն է զանգահարել Վահան Մարտիրոսյանը և հայտնել, որ զինված հարձակվել են իր տան վրա, պահանջել է ոստիկանության միջամտությունը:
Ամուսինների հակասական ահազանգերի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Մարտիրոսյանը բացատրություն է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որից հետո խոսակցությանը միջամտել են հարևանը և վերջինիս հյուրը: Այդ անձի պահվածքից հասկացել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ և պահանջել է չխառնվել իր անձնական գործերին, սակայն տվյալ անձը մոտեցել է իրեն, հայտնել, որ ցանկանում է հարթել իրենց խնդիրները: Այդ անձը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամ, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Նրա հետ վեճից և դուրս հրավիրելուց հետո իրեն է մոտեցել նախ հարևանի տղան, իսկ հետո` նաև մյուս հարևաններից մի քանիսը և, իրեն հիշեցնելով իր հասարակական-քաղաքական գործունեությունից որոշ դրվագներ, քաշքշուկ են հրահրել, որի ժամանակ դիտավորյալ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, նշված անձինք վիճաբանության մեջ են մտել և մարմնական վնասվածքներ են պատճառել նաև կնոջը՝ Կարինե Գասպարյանին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ. Գասպարյանը տվել է նույնաբովանդակ բացատրություն: Հետաքննության մարմնին բացատրություններ են տվել նաև Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 15 տան բնակիչ՝ Խ. Մուրադյանը, Գաջեգործներ 24 տան բնակիչ՝ Վ. Խասապետյանը, Գաջեգործներ 74 շենքի 11 բնակարանի բնակիչ Ա. Ֆահրադյանը:
Օգոստոսի 19-ին Երևան քաղաքի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նույն օրը նախաքննական մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Վ. Մարտիրոսյանին և Կ. Գասպարյանին տուժող ճանաչելու մասին: Նրանց ծանուցումներ են ուղարկվել, որոնք հնարավոր չի եղել հանձնել՝ բնակարանի դուռը փակ լինելու պատճառով: Միաժամանակ, քննիչը 19.08.15թ. հեռախոսազրույց է ունեցել Վ. Մարտիրոսյանի հետ, վերջինիս տեղեկացրել է նրա հաղորդման փաստով քրեական գործ հարուցելու, նրան տուժող ճանաչելու մասին և հրավիրել է հարցաքննության, որին ի պատասխան Մարտիրոսյանը հայտնել է, որ կինը վատառողջ է (վիժել է) և ինքը զբաղված է կնոջ առողջական հարցերով: Հաջորդ օրը քննիչը զանգահարել է նույն հեռախոսահամարով, որին պատասխանել է Մարտիրոսյանի կինը՝ Կ. Գասպարյանը և հայտնել է, որ իր ինքնազգացողությունը նորմալ է, սակայն վատացել է ամուսնու ինքնազգացողությունը, որի պատճառով իրենք չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին:
Նախաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչներ՝ Խ. Մուրադյանը, Ա. Ֆահրադյանը, Վ. Խասապետյանը, Ջ. Վիրաբյանը, Կ. Դուրգարյանը, Ն. Շահբազյանը, Խ. Մարուքյանը, Հ. Դուրգարյանը, Լ. Նահապետյանը, Ա. Ումրիկյանը, Ա. Խասապետյանը, Տ. Վիրաբյանը, Ա. Բաբասյանը, Ա. Կարապետյանը, Գ. Առաքելյանը, Գ. Էլոյանը:
Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին` երեկոյան ժամերին, կենցաղային հարցերի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 22/4 տան բնակչուհի Ջուլիետա Վիրաբյանի (Վ. Մարտիրոսյանի մայրը) և Կարինե Գասպարյանի (Վ. Մարտիրոսյանի կինը) միջև, որի ժամանակ Կ. Գասպարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել սկեսուրի՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, որից հետո քաշքշել և հարվածել է նրան: Նշված հանգամանքին ականատես եղած Վ. Մարտիրոսյանը զայրացել և գոռգոռացել է կնոջ վրա, որը լսելի է եղել նաև հարևան տների բնակիչների համար:
Նույն փողոցի 15 տան բնակիչ Խ. Մուրադյանը, կանգնած լինելով փողոցում, լսել է 22/4 տան կասկածելի ձայները և օգնություն ցուցաբերելու նպատակով մտել է նշված տուն: Տան բակում հանդիպել է Վահան Մարտիրոսյանին և կնոջը, որոնց դեմքով չի ճանաչել: Վ. Մարտիրոսյանը տեսնելով Մուրադյանին հարցրել է՝ ոստիկանության աշխատակից է, թե ոչ և բացասական պատասխան լսելով Խ. Մուրադյանին դուրս է հրավիրել իր տնից: Այդ ժամանակ հարևան՝ Գաջեգործներ 24 տան բակում գտնվող Վ. Խասապետյանը և Ա. Ֆահրադյանը անհանգստացնող ձայներ լսելով դուրս են եկել փողոց և տեսել են Վ. Մարտիրոսյանի տանից հեռացող Խ. Մուրադյանին: Վահան Մարտիրոսյանը, արդեն փողոցում շարունակել է տալ սեռական բնույթի հայհոյանքներ, որի պատճառով Վ. Խասապետյանը մոտեցել և դիտողություն է արել Վ. Մարտիրոսյանին: Ի պատասխան, վերջինս հայհոյանքներ է տվել Վ. Խասապետյանի հասցեին և ասել, թե նա «Մհեր Սեդրակյանի մանկլավիկն է»: Նրանց միջև հրմշտոց է սկսվել: Վիճաբանության ձայներից հավաքված կանայք բաժանել են նրանց, որից հետո Վ. Խասապետյանը և Ա. Ֆահրադյանը հեռացել են, իսկ Վ. Մարտիրոսյանին ուղեկցել են տուն: Դրանից հետո տնից դուրս է եկել Կարինե Գասպայանը և հայհոյանքներ տալով Վահան Մարտիրոսյանի մոր՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, հարձակվել է նրա վրա: Փողոցում հավաքված կանայք բաժանել են նրանց և Կ. Գասպարյանին տարել են տուն:
Վ. Մարտիրոսյանի մայրը՝ Ջ. Վիրաբյանը, իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանությունը եղել է իր և հարս՝ Կ. Գասպարյանի միջև, իսկ որդու հայտարարություններն այն մասին, թե իբրև վիճաբանության և նրան ծեծի ենթարկելու պատճառը եղել է քաղաքական կամ հասարակական գործունեության հետ կապված, որակել է «աբսուրդ», որդու «երևակայության արդյունք» և պնդել, որ մինչ օրս որևէ մեկի կողմից` ինչպես իր, այնպես էլ` որդու նկատմամբ, ճնշումներ չեն եղել: Ջ. Վիրաբյանն իր ցուցմունքում նշել է նաև, որ մի քանի վայրկյան տեսել է որդուն գետնին ընկած, որի ժամանակ իրեն անհայտ անձինք ծեծի են ենթարկել նրան, կռվի ընթացքում չի լսել սպառնալիքներ՝ կապված տղայի հասարակական գործունեության հետ: Վ. Մարտիրոսյանի մայրը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հարսի հղիության մասին, ներկայումս էլ որդու և հարսի գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:
Նախաքննության ընթացքում Վ. Մարտիրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված բավարար հիմքերն և ելակետային տվյալները նկատի ունենալով` համապատասխան ցուցում է տրվել նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Ինչպես նաև, հաշվի առնելով, որ տուժող Վ. Մարտիրոսյանը հայտարարում է, որ կինը՝ Կ. Գասպարյանը, ունեցել է հղիություն և վիժել է, սակայն չի ներկայացրել ոչ հղիության, ոչ էլ վիժելու հետ կապված որևէ փաստաթուղթ, Կարինե Գասպարյանի հղիության և վիժման հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Համացանցից հանվել են Վ. Մարտիրոսյանի բոլոր հայտարարությունները՝ վերջինիս հարցաքննությամբ դրանցում նշված հանգամանքները հստակեցնելու, լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ ստուգելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:
Վ. Մարտիրոսյանին, Կ. Գասպարյանին, Ջ. Վիրաբյանին պատճառված վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ տուժողները դեռևս չեն ներկայանում նախաքննության մարմին, ուստի տրվել է հանձնարարական, պատշաճ ծանուցումից հետո նախաքննական մարմին չներկայանալու դեպքում վերջիններիս բերման ենթարկել: