Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այս գիշեր ձերբակալվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` Բաբայանը ձերբակալվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Օլիմպիական ավանում տեղի ունեցած միջադեպի գործով: Ըստ լուրերի` միջադեպը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիչների հավաքից հետո: Քննարկման թեման եղել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը:
Մեր տեղեկություններով` հավաքին ներկա են եղել նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Ըստ շրջանառվող լուրերի` Բաբայանը վեճի է բռնվել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովի հոր՝ բռնցքամարտի մարզիչ` 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի հետ, ապա` ծեծի ենթարկել նրան: Դեպքից հետո Հարությունովին տեղափոխել են հիվանդանոց:
Yerkir.am-ի տեղեկություններով` տուժածն այժմ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Մեր այցելության պահին Հարությունովի հիվանդասենյակում հսկողություն էին իրականացնում իրավապահները: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ծառուկյանի աշխատակիցներից եկել և փորձել են հաշտվել տուժածի հետ, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել բաժանմունք:
«Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի ծառայության ղեկավար Արա Ղազարյանը մեզ հայտնեց, որ Հարությունովն իրենց մոտ ընդունվել է երեկ` ժամը 20:40-ի սահմաններում, տրավմա, սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ: «Արվել են համապատասխան հետազոտություններ: Այս պահին հիվանդի վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է, հնարավոր է վաղը տեղափոխվի պալատ»,- ասաց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում տուժածի մյուս որդին` Ռոբերտը, նշեց, որ դեպքի մասին ոչինչ չգիտի: «Ես պապային երեկ եմ տեսել, տանն էր, նորմալ էր ամեն ինչ: Թե հետո ի՞նչ է եղել, չգիտեմ: Երեկոյան հիվանդանոցից ինձ զանգահարեցին, ասացին` եկեք հիվանդանոց: Անմիջապես եկանք հիվանդանոց, տեսանք` ոստիկանները լցված են: Իմացանք, որ հորս վիճակը բարդ էր, բայց կայուն էր: Հիմա խիստ հսկողություն է, մոտը 5 հոգի մարդ կա, թույլ չեն տալիս մտնել մոտը»,- ասաց նա:
Նշենք, որ տուժածի մյուս որդին` բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Նիկոլ Հարությունովը, հանրապետությունում չէ:
Միջադեպիմասին տեղեկություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Ռոստոմյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անջատված էին: