կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-18 13:36
Հասարակություն

Վարդան Ղուկասյանը ոստիկանությանն էլ է մեղադրում «շառ անելու» մեջ

Վարդան Ղուկասյանը ոստիկանությանն էլ է մեղադրում «շառ անելու» մեջ

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան հետ հերթական աղմկահարույց դեպքն է կապվում: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների` փետրվարի 11-ին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդի Սպարտակն իրենց թիկնապահների հետ ծեծի են ենթարկել մի խումբ գյումրեցիների, որոնց թվում է նաև բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանը: 

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում երեկ հայտարարեց, որ այսպիսի ինֆորմացիայի տարածումը ձեռնտու է որոշ շրջանակների, և ընտրություններին ընդառաջ` նորմալ է համարում նման բաները:

Ի դեպ, ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Փետրվարի 12-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ,  1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին: Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին:  Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել: Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»:

Այսօր ևս զրուցեցինք Վարդան Ղուկասյանի հետ: Լսելով մեր մատնանշած` ոստիկանության տարածած հաղորդագրությունը, նա բավականին ագրեսիվ տոնով հայտարարեց, որ իր ասելիքը երեկ ամբողջական էր և հիմա էլ պնդում է, որ նմանատիպ լուրերի տարածումը կոնկրետ շրջանակների ձեռքի գործն է:

«Բայց մի հատ դուք հարցրեք` բողոքներ կա՞ն, հարցրեք մի հատ` տեսնողներ կա՞ն, վկաներ կա՞ն, բողոքներ կա՞ն, մարմնական վնասվածքներ կա՞ն, քերծվածքներ կա՞ն: Եթե էդ ամեն  ինչը չկա, ու կայքում մեկը բան է գցում` անուն-ազգանունը փոխած, դա, ինչի՞, կարելի է հիմք համարե՞լ»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Երբ պնդեցինք, որ խոսքը ոստիկանության տարածած հաղորդագրության մասին է, նա ասաց, որ ամեն ինչ ասաց «շատ մանրամասն և բավականին խորը», ուստի մեր դիտարկումներն արդեն ավելորդ են:

«Ես էլի եմ ասում` մենք սպասում ենք, որ մինչև ընտրություն նմանատիպ շատ բաների մեջ մեզ գցելու են, լիքը շառուշուռի ենք սպասում: Այ, հետագայում էլ, որ նմանատիպ բան լինի, չզարմանաք ու հիշեք, որ ես ասել էի էդ մասին»,- ասաց Ղուկասյանը և հավելեց. «Ոստիկանությունն էլ ասում է` կայքից ենք վերցրել: Հիմա  էս երկիրն էն երկիրը չէ, որ հանկարծ մի հատ սայթ կամ լրատվական կառույց նմանատիպ ոչ ճիշտ տեղեկություն է տալիս, մենք դատի տանք ու դրանից միլիոններ պահանջենք, մենք ոչ էլ ուզում ենք խորանալ լրատվական կառույցների ոչ ճիշտ ինֆորմացիայի մեջ»: