|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում` Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը:
Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերի Արգենտինայի կազմակերպչական կոմիտեի անդամները, մարզիկներ և հյուրեր:
Արարողության սկզբում, Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ ,եկեղեցում տեղի ունեցավ համահայկական խաղերին մասնակցող արգենտինական պատվիրակության շուրջ 200 անդամների, ինչպես նաև խաղերի բացումը խորհրդանշող օլիմպիական կրակի օրհնության և բարեմաղթանքի արարողություն:
Այնուհետև ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային և սպորտային կառույցների ղեկավարները: Իր խոսքում դեսպան Հարությունյանը կարևորեց համահայկական խաղերի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման, հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու առումով:
ՀՀ դեսպանն ընդգծեց նաև Համահայկական VI-րդ խաղերի անցկացման կարևորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: