Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանցի միլիարդատեր Գերման Ստերլիգովը Արցախ տեղափոխվելու փաստի առնչությամբ շարունակ կրկնում է, թե այնտեղ հողը հրաշալի է, մարդիկ` եւս, եւ, առհասարակ, Արցախն աշխարհի ամենալավ վայրն է` իր անկրկնելի գեղեցկությամբ:
Նշենք, որ Ստերլիգովը Արցախ մենակ չի եկել, նրա հետ են կինը եւ հինգ երեխաները: Ի դեպ, 48-ամյա Ստերլիգովը նաեւ թոռնուհիներ ունի:
Անկեղծ ասած` եթե որեւէ մեծահարուստի համար բնակության վայրը փոխելը պայմանավորված լիներ բացառապես մեկնման երկրի գեղեցկությամբ, ապա կարծում ենք, որ աշխարհի շատ մեծահարուստներ վաղուց արդեն արցախաբնակ կլինեին, բայց չեն: Ուրեմն` կա\'մ միայն Ստերլիգովն է բացահայտել Արցախի եզակի գեղեցկությունը եւ այնտեղի մարդկանց ազնվությունը, կա\'մ էլ նրա՝ Արցախ տեղափոխվելու մեջ վայրի գեղեցկությունը կապ չունի: Առաջին տարբերակը քիչ հավանական է, ուրեմն…
Ստերլիգովը շուտով պետք է կանչվի մոսկովյան դատարան, քանի որ, որպես վկա, պետք է ցուցմունք տա «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպություն» խմբավորման որոշ անդամների` սպանության մեջ մեղադրվելու գործի առնչությամբ: Բանն այն է, որ հիշյալ խմբավորման անդամներից մեկը դատարանին հայտնել է, որ իրենց խմբավորման անդամների մարտական պատրաստվածության դասընթացները տեղի էին ունենում Ստերլիգովին պատկանող հողատարածքներում, եւ եթե դատարանն այս հանգամանքը ապացուցված համարի, ապա Ստերլիգովը դատարանի համար հետաքրքրական կլինի ոչ միայն` որպես վկա:
Առհասարակ, ռուս միլիարդատերը հաճախ է աչքի ընկնում իր ոչ բնականոն վարքով: Մասնավորաբար, նրա կարծիքով, տղամարդն իրավունք չունի սափրվելու /ինքը` Ստերլիգովը, մեծ մորուք է պահում/, դա, նրա կարծիքով, շատ կարեւոր է որդիների դաստիարակության համար: Բացի այդ` ռուս միլիարդատերը դեմ է աբորտներին, կինոյին եւ թատրոնին: Վերջին երկուսը Ստերլիգովն, ի դեպ, համարում է «սատանայի գործեր»: Միլիարդատերն իրեն համարում է ուղղափառ քրիստոնյա, եւ բացի ազգայնականների գործից, էլի է եղել դատարաններում` զանազան, ընդհուպ` ֆինանսական մեքենայությունների գործերով:
Ի դեպ, բոլորովին վերջերս, նախքան Արցախ տեղափոխվելը Ստերլիգովը հայտարարեց, թե ինքը ցանկանում է դառնալ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության քաղաքացի, բայց արդյունքում գերադասեց բնակվել Արցախում: Չի բացառվում, որ Ստերլիգովը լքել է Ռուսաստանը` փորձելով խուսափել իր անձով ռուսաստանյան դատարանների պարբերական հետաքրքրությունից, չի բացառվում, որ մարդն, իրոք, սիրահարվել է Արցախին` սկզբում, իհարկե, google-ով դիտելով արցախյան բնանկարները:
Ամեն դեպքում` պետք չէ շտապել ռուս միլիարդատիրոջը Արցախի քաղաքացիություն շնորհելու հարցում. բանն այն է, որ, լինելով ՌԴ քաղաքացի, Ստերլիգովը 2010-ի դեկտեմբերի 13-ին նամակ գրեց ՌԴ նախագահին, որով առաջարկում էր վաճառել Ռուսաստանի տարածքը` Սախալինից մինչեւ Ուրալ, օտար պետություններին: Իսկ ավելի ուշ Ստերլիգովը կրկին բարձրաձայնեց իր այս պլանի մասին` ընդգծելով, որ Ռուսաստանի մնացած տարածքն էլ պետք է միացնել Բելառուսին եւ Ուկրաինային /այդ ժամանակ դեռ Արցախին չէր սիրահարվել/:
Ի դեպ, Ստերլիգովը նաեւ քաղաքական գործունեություն է ծավալել, մասնավորաբար` 2003-ին առաջադրվել է Մոսկվայի քաղաքապետի, իսկ 2004-ին` ՌԴ նախագահի թեկնածու… Ընդ որում` Ստերլիգովը մշտապես հանդես է եկել ընդդեմ անօրինական միգրացիայի եւ հանուն «Ռուսաստանը` ռուսների համար» գաղափարի:
Հիմա նա Ռուսաստանում չէ, Արցախում է: Իրականում կարելի է սիրահարվել Արցախին, պարզապես, ինչպես յուրաքանչյուր մեծահարուստի, այնպես էլ Ստերլիգովի համար միայն սիրահարվածությունը վճռորոշ գործոն լինել չի կարող: Միայն «կրասատա»-ով հո չէ՞: Ամեն դեպքում հյուրեր մենք սիրում ենք, միլիարդատեր հյուրեր` առավել եւս:
Հովիկ Աֆյան