կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 18:15
Քաղաքական

Գասպարյանն ինձ որևէ սպառնալիք չէր էլ կարող ներկայացնել. Հովհաննես Մարգարյան

Գասպարյանն ինձ որևէ սպառնալիք չէր էլ կարող ներկայացնել. Հովհաննես Մարգարյան

ԱԺ ՕԵԿ  խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով Բաղրամյան պողոտայում գտնվող սակավաթիվ ցուցարարների հետ ստեղծված իրավիճակն էր քննարկում, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերի իրադարձություններին, մասնավորապես` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին և սթափության կոչերին:

«Մենք էն օրն էստեղ կանգնած մենակ ենք եղել և պայքար ենք տվել, որ սադրանք տեղի չունենա, բախում տեղի չունենա: Մենք երիտասարդներին ասել ենք, որ որոշում կայացնողն իրենք են և չպետք է այն քաղաքականացվի: Մենք ասել ենք` թող իրենք որոշեն, մենք էլ պատրաստ ենք իրենց որոշումը պաշտպանել և իրենց կողքին լինել»,- ասաց պատգամավորը:

Խոսելով Վլադիմիր Գասպարյանի պահվածքի մասին` նա նշեց, որ որևէ մեկնաբանություն չի ուզում անել այդ կապակցությամբ:

«Ես նրա հետ զրուցել եմ, և նա որևէ սպառնալիք չի ներկայացրել և չէր էլ կարող ներկայացնել: Որևէ մեկը չկա ՀՀ-ում, որ փորձի ինձ և, եթե ես ժողովրդի մեջ եմ, նրանց սպառնալիք ներկայացնի: Ես էն վախեցողներից չեմ, ես իմ վախը բռնել, ցմահ ազատազրկման եմ դատապարտել: Ուղղակի ինքը մի քիչ էմոցիային էր տեղի տվել և կոչ էր անում սթափվել, այսինքն` բոլոր ճանապարհները չփակել և բախումների չգնալ»,- պարզաբանեց Մարգարյանը:

Մեր դիտարկմանը, թե Վլադիմիր Գասպարյանը երբ այսօր այցելել է Բաղրամյան, հռետորական հարց է հնչեցրել` բա կենդանի պատն ո՞ւր է, պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ լսել, որ նման բան ասի: Այստեղ չեմ եղել, չեմ լսել: Նաև նշեմ, որ պատգամավորները ոչ միայն կենդանի պատ են եղել, այլև այստեղ են եղել, որ սադրանքներ թույլ չտան»: