կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-05 13:07
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորը Վանաձորի քաղաքապետին «ցմփոր» անվանեց

ՀՀԿ-ական պատգամավորը Վանաձորի քաղաքապետին «ցմփոր» անվանեց

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր մի համաձայնագիր, ըստ որի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ: Վարկի նպատակն է աջակցել ՀՀ-ին կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռք բերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:

 

Նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով Վանաձորից ընտրված պատգամավոր է, տեղեկացրեց, որ Վանաձորի քաղաքապետը քաղաքի 4 աղբահանման մեքենաները հանել է վաճառքի, ինչն անթույլատրելի է: «Էս ապօրինության դեմն ո՞վ պետք է առնի: Նոր վարկ ենք վերցնում, մենք էլ պետք է ԱԺ-ում հաստատենք, այն դեպքում, որ չգիտենք՝ վաղը մյուս օրը համայնքապետերն իրենց կնվիրեն, կծախեն, կուտեն-կպրծնեն:  Հենց հիմա աշխատող մեքենաներն ուղղակի վաճառում են` 1,5 միլիոն դրամով` հատը»,- ասաց պատգամավորը:

 

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, թե ինքը` որպես իշխանության ներկայացուցիչ, ինչո՞ւ պիտի վատ զգա «ինչ-որ մի ցմփոր քաղաքապետի արարքներից»: «Հարց են տալիս, մենք գլուխներս ենք կախում, ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, որ, որպես իշխանություն, չգիտեմ՝ ոնց վերահսկեմ»,- ասաց նա:

 

Համաձայնագիրը դրվեց քվեարկության և ընդունվեց:

 

Նշենք, որ նախագծին դեմ քվեարկեց ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, ձեռնպահ` Ալեքսանդր Արզումանյանը, իսկ քվեարկությանը չմասնակցեց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը: