Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ով նախկինում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք էր կազմակերպել, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե Համբարձումյանի դեմ առաջին գործը ստացվեր, և նա մնար կալանքի տակ, երկրորդը չէր գա մեջտեղ: «Եթե հնարավոր լիներ այն առաջինը հիմնավորել, այս մեկը չէր լինի»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` միջադեպը եղել է ոստիկանության և նախկին Էջմիածնի շրջանի բնակիչների միջև: «Որ ասում են` Դավիթ Համբարձումյանի հեռախոսի զանգը համընկնում է, Համբարձումյանի հայրական տունն այդտեղ է գտնվում: Ես ձեզ հարցնում եմ` եթե նրա հայրական տունն այնտեղ է, որտե՞ղ պետք է նրա հեռախոսը լիներ: Մեծ աղմուկ, կռիվ է եղել, նա չպե՞տք է գնար: Եթե ես էլ այնտեղ լինեի, աղմուկ լսեի, կգնայի, պետք է ասեիք` ես ե՞մ արել»,- նշեց նա:
Հարցին` կարծում է, որ Դավիթ Համբարձումյանն այդ երկու գործերի հետ էլ կապ չունի՞, Մուրադյանը պատասխանեց. «Մինչև նրա գնալը` այդ կռիվը եղել է, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ տարվել են հիվանդանոց, ու հանձնարարվել է` ոչ մի բան չգրանցեն, մարդիկ սիստեմայի տակ են եղել: Գնացեք, տեսեք` որտե՞ղ է գրանցված: Ոստիկանապետին օգնություն են ցույց տվել, բոլորին ցույց են տվել, ոչ մի տեղ էլ գրանցված չի»:
Նա հայտարարեց, որ քաղաքապետը գնացել է ուշ, ընդամենը հանդարտեցրել է: «Իսկ այսօր քաղաքապետի վրա գիտե՞ք, թե ինչ են հիմնավորել. ոմն մեկն ասել է, որ նա ապտակ է տվել, նա էլ ասել է` ոմն մեկին բերեք, տեսնենք: Չեն ուզում առերեսում լինի: Ինչո՞ւ, այդպես մա՞րդ են կալանավորում»,- հարցրեց պատգամավորը:
Մուրադյանի կարծիքով` միտումնավոր են ուզում չեզոքացնել Մասիսի քաղաքապետին: «Քաղաքապետի աթոռն է պետք շատերին, շատերը հրահրում են»,- ասաց նա:
Դիտարկմանը` նրան չեզոքացնելու համար այլ եղանակներ կան, կարող էին անվստահություն հայտնել և այլն, Մուրադյանը պատասխանեց. «Եթե ձեզանից մեկը մի օր կարող է հիմնավոր Մասիսի քաղաքապետին մեղադրել կաշառք վերցնելու կամ այլ բանի մեջ, ես ներողություն կխնդրեմ ու ինչ-որ պետք է կասեմ: Բոլորդ գիտեք, որ նա այդ գործերի մեջ չկա»:
Հարցին էլ` նոր իշխանությունների՞ն է մեղադրում Մասիսի քաղաքապետի աթոռը զավթելու մեջ, նա պատասխանեց. «Այ մարդ, այնտեղ էնքան թայֆեք կան, շատ մարդիկ են ելել ոտքի մինչև նոր իշխանությունները, եղա՞վ»: