կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-02 11:29
Հասարակություն

Ապստամբությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

Ապստամբությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

Աղբյուրը` armeniangenocide100

 

«ՀՈՐԻԶՈՆ», Թիֆլիս, 1915, թիւ 94, մայիսի 2

 

 ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԻՒՆ, ԹԷ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

 

Վասպուրականի հայ ժողովուրդը օրհասական պայքար է մղում:

 

Ստացած տեղեկութիւնները թեև վերջապէս ստուգւեցան, բայց բոլորն էլ ծանոթացնում են մեզ դրութեան հետ ամենաընդհանուր գծերով: Մենք դեռ, չգիտենք, թէ դէպքերն ինչպէս են յաջորդել միմեանց: Ստոյգն այն է, որ «15 օրէ ի վեր կռիւ է Շատախում, 10 օր էքաղաքում»: «Բազմաթիւ գիւղեր հրկիզւած են 5-6,000 մարդ կոտորւած է գիւղերու մէջ»:

 

Գիտենք միայն, որ Վանի իշխանութիւնը պահանջել է հայերից 6,000 զէնք: Գիտենք վերջապէս, որ Վանի դէպքերից առաջ տեղի է ունեցել մի տմարդի մասսայական սպանութիւն Արճէշում: Դիմադրութեան մասին խօսք չի եղել: Իշխանութիւնը հավաքել է գիւղերից տղամարդկանց պատերազմական դաշտային աշխատանքների պատրւակի տակ և յետոյ խումբ-խումբ տարել, հրացանազարկ արել

 

 Այս էլ յայտնի է, որ «կառավարութիւնը դաւով սպանեց Իշխանին», որ Վասպուրականի ինքնապաշտպանական գործի կազմակերպիչներից էր: Այս բոլոր փաստերի հիման վրայ այսօր խօսում են «Վանի ապստամբութեան» մասին: Սակայն պէտք է մի փոքր մտածել ստացած տեղեկութիւնների վրայ: Այստեղ շատ բան կայ, բայց ոչ ապստամբութիւն:

 

Պատերազմի ժամանակ, մանաւանդ Թիւրքիայում տարօրինակ կը լինէր ընդհանուր ռեժիմի մասին խօսել, էլ չեմ ասում առաջացնել զինւած ապստամբութիւն: Ապստամբութիւն պետութեան դէմ թիւրքահայերը մինչ այժմ երբէք չեն արել: Հայ ժողովրդի դասաւորութիւնը այդ թոյլ չի տւել: Մանաւանդ այն յարաբերութիւնները, որ գոյութիւն են ունեցել իշխանութեան և հայ ղեկավար ինտելլիգենցիայի մէջ, բնաւ չեն խօսում այդպիսի մի ժամանակ, երբ երկիրը լեփ-լեցուն է զօրքերով: Վանի ինտելլիգենցիան, մասնաւորապէս, այդպիսի տրամադրութիւններ երբեք չի ունեցել:

 

Անտրամաբանական է խօսել ապստամբութեան մասին, երբ մարդիկ զէնք են վերցրել պաշտպանւելու մարդասպանների դէմ: Այդպիսի կռիւը Թիւրքահայաստանում հանրածանօթ է. դա կոչվում է ինքնապաշտպանութիւն: Ի հարկէ, եւրոպական երկրներում «ինքնապաշտպանութիւն» ասածդ չեն կարող հասկանալ, որովհետև այնտեղ պետութիւնը միայն օրինազանցներին է ձգտում ընկճել: Թիւրքիայում չկայ ապստամբութիւն, կայ միայն ինքնապաշտպանական կռիւ հայ ժողովրդի և կառավարութեան մէջ: Առաջինը ասում է չեմ ուզում մեռնել, իսկ երկրորդը պնդում է, որ պիտի մեռնես: Այդպէս է թուրք կառավարութեան և քրիստոնեայ ժողովուրդների յարաբերութիւնները:

 

 Բնականբար հայն էլ գոյութեան կռիվ է մղում: Թիւրքահայ ժողովուրդը արդէն շատ նուրբ հոտառութիւն ունի: Դառն փորձով նա թափանցել է խուժանի և թիւրք կառավարութեան հոգու մէջ: Նրան ծանօթ են իր դահիճների խարդախութեան բոլոր ձեւերը: Անապահովութիւնը դարձրել է հայերին ծայրահեղորեն շրջահայաց: Քաղաքական և կենցաղային սրացած հոտառութեամբ նրանք իսկոյն գլխի են ընկել, որ այսօրւանը սովորական հալածանքի և կեղեքման երեւոյթներից չէ, այլ չարագուշակ նշաններ` պատրաստւող համաժողովրդական մի աղէտի: Թշնամու հոգեբանութեանը և գործելակերպին լաւատեղեակ` հայերը անշուշտ պիտի ձեռք առնէին ինքնապաշտպանութեան բոլոր հնարաւոր միջոցները:

 

Այս պահանջի հետ միասին, կամ սրանից առաջ «դաւով սպանում է Իշխանը»: Ժողովուրդը պիտի յուզւէր: Բայց աւաղ պիտի յուզւէր ոչ գլխաւորպէս իր քաջ առաջնորդի կորստեան պատճառոց, այլ այդ սպանութեան նպատակը հասկանալով:

 

Վերջապէս Արճեշի ողբերգական դէպքը համոզելու էր բոլորին, որ սա ոչ թէ պատահական կռիւ է, այլ կանխամտածւած, կենտրոնում ծրագրւած մի ձեռնարկութեան նախերգանք: …Ահա այսպիսի պարագաներում Վասպուրականի հայ ժողովուրդը դուրս է եկել դիմադրելու և պաշտպանելու իրեն և իր ընտանիքը: Եւ խօսել «ապստամբութեան» մասին, կը նշանակէ հայ ժողովրդին շատ ավելի երջանիկ համարել, քան նա է իսկապէս: Միւս կողմից դա կը լինէր մեծ կոմպլիմենտ թիւրք պետութեան հասցէին:

 

 Հայ ժողովուրդը պաշտպանւում է մի կառավարութիւնից, որը չի կարողանում հաշտեցնել թիւրք պետականութիւնը հայ ժողովրդի գոյութեան հետ:

 

Նա կռւում է մի իշխանութեան դէմ, որը մի կողմից տանում է պատերազմի դաշտ տասնեակն հազար հայ տղամարդիկ, իսկ մյուս կողմից թիկունքում` կոտորում նրանց ընտանիքները, մի իշխանութեան դէմ, որ հրացանազարկ է անում իրեն իսկ նպատակների համար սիրայոժար հաւաքւած մշակներին

 

Հայը մաքառում է մի ընկած իշխանութեան դէմ: Սա զուրկ որև է պետական հեղինակութիւնից դաւեր է նյութում զանազան ազդեցիկ անհատների դէմ և մասնաւոր գաղտնի սպանութիւններ գործում: Ապստամբութիւն չէ որև է քաղաքական նպատակով, այլ հայի գոյութեան կռիւն է, որ հասել է իր լարւածութեան և արդարութեան գերագոյն աստիճանին: Անմեղների իրաւունքն է պաշտպանւում: Ապրելու իրաւունքն է պաշտպանվում:

 

Ա. Շ.