կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-23 13:43
Քաղաքական

Թուրքիան խառնաշփոթի մեջ է

Թուրքիան խառնաշփոթի մեջ է

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին, հույս հայտնեց, որ Գերմանիան, ի վերջո, կարտասանի «ցեղասպանություն» բառը:

 

«Ես, իրոք, հույս ունեմ, որ Գերմանիան կարտասանի այդ բառը: Պետք է հասկանանք` Գերմանիան ինքը կմիանա՞ այն ընտանիքին, որը իրերը կոչում է իր անունով: Ցանկացած երկիր, եթե ճանաչում և դատապարտում է հանցագործությունները, այդ քայլն անում է իր համար, որպեսզի ամբողջ աշխարհում այլևս նմանատիպ դեպքեր չկրկնվեն: Բոլորի շահերից է բխում, որ աշխարհով մեկ խաղաղություն և բարեկեցություն լինի»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց նաև`եթե Գերմանիան համարում է, որ ինքն աշխարհում ժխտողականության տարածման դերակատարում ունի, իր գործն է ճանաչելը:

 

Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև Թուրքիայի վարած ապակառուցողական քաղաքականությանը: «Թուրքիան իր քայլերով ակնհայտ ցույց է տալիս, որ Ցեղասպանություն եղել է: Այդ երկրի քայլերի մեջ որևէ տրամաբանություն չկա: Հասկանալի է, որ նրանք խառնաշփոթի մեջ են ընկել, մի կողմից` վարչապետը հայտարարություն է անում և ասում` եկեք ինչ-որ հարաբերություններ հաստատենք, մյուս կողմից` նախագահն ասում է` հայերը մենակ իրենք իրենց կպարեն, կուրախանան, էն մյուսն ընդհանրապես ուրիշ բան է ասում»,- նշեց նա` հավելելով. «Ինձ թվում է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի քայլերը մեկնաբանելն անիմաստ է: Ինչ ուզում են, թող անեն, դա արդեն իրենց խնդիրն է: Ես վստահ եմ, որ մենք հաջողության ենք հասնելու աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դրա դատապարտումն էլ է լինելու, և Թուրքիան էլ,  վաղ, թե ուշ, միանալու է դատապարտողների ցանկին: Իրենք էլ ճանաչելու, դատապարտելու են և համապատասխան ձևով ներդրում են անելու, որպեսզի մեղավորները պատժվեն, փոխհատուցումների խնդիրները լուծվեն: Եթե իրենք ցանկանում են հասնել խաղաղության, ապա դա հնարավոր կլինի միայն արդարության առկայության դեպքում»: