Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ այդ եզրակացության մեջ շարքային քաղաքացու և սպառողի համար ոչ մի լավ լուր չկա: Նրա խոսքով` ամենակարևոր վատ լուրն այն է, որ 20 միլիոն դոլար վճարում են կորած գազի համար, որովհետև գազամատակարարման համակարգում այդքան գումար է կորչում, ընդ որում` չգիտես՝ ուր է կորչում: Եվ այդ ամենը, Փաշինյանի խոսքով, բացատրվում է արտադրական, տեխնոլոգիական և այլ տերմիններով:
«Եվ էլի բերենք պատերազմող Ուկրաինայի օրինակը: Եթե մենք լինեինք Ուկրաինայի սպառողները, ապա այդ կորուստների համար կվճարեինք մոտ 9 միլիոն դոլարով պակաս: Վերջին տարիներին ոչ մի ներդրում չի արվել` այդ կորուստների ծավալը նվազեցնելու համար, ինչը նշանակում է, որ որոշ մարդկանց այդ կորուստները ձեռնտու են, ու այդ 20 միլիոն դոլարը մտնում է ինչ-որ մարդկանց գրպանը»,- ասաց նա:
Փաշինյանը անդրադարձավ նաև գազի կալորիականության խնդրին` ասելով, որ մարդիկ տարիներով բարձրաձայնում են, ահազանգում դրա մասին, նույնիսկ քաղաքացիական ակտիվիստներն էին փորձեր արել ու բացահայտել, որ գազի կալորիականությունը ցածր է: Պատգամավորը զավեշտ է համարում, որ պատասխանատուները կարողանում են պատասխանել, թե Հայաստան ինչ կալորիականության գազ է մտնում, բայց ոչ ոք չի ասում, թե մարդկանց բնակարան մտնող գազն ինչ կալորիականություն ունի: «Եվ քանի որ ոչ ոք չի պատասխանում այն հարցին, որ մեր բնակարան մտնող գազն ինչ կալորիականություն ունի, մարդիկ ստիպված են հավատալ իրենց տեսածին: Իսկ իրենք տեսնում են, որ մեկ թեյնիկ ջուրն ավելի ուշ է եռում, քան նախկինում էր, ու որ իրենք ավելի շատ են վճարում»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորը նշեց, որ պարզվում է՝ գազամատակարարման համակարգում խայտառակ վիճակ է՝ սպառողների շահերի պաշտպանության առումով: Օրինակ՝ կարո՞ղ է որևէ մեկը երաշխավորել, որ մարդկանց տներում դրված հաշվիչները ճիշտ են ցուցմունքը ցույց տալիս: Եվ ստացվում է որ հաշվիչների ցուցմունքով հետաքրքրված է այն մարմինը, ով նաև իրականացրել է այդ հաշվիչների վաճառքը: