կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 12:41
Քաղաքական

Խոսքը կոնկրետ ո՞րի մասին է. Արմեն Դարբինյանը՝ հոր դեմ ներկայացված դատական հայցի մասին

Խոսքը կոնկրետ ո՞րի մասին է. Արմեն Դարբինյանը՝ հոր դեմ ներկայացված դատական հայցի մասին

ՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախ նշեց, թե իբր ինքը տեղյակ չէ, թե իր հոր՝ «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Դարբինյանի դեմ ինչ դատական հայց է ներկայացվել, ապա ասաց, որ ինքն առանձնապես գործ չունի հոր ծավալած գործունեության հետ: «Խոսքը կոնկրետ ո՞ր դատական հայցի մասին է, ես չգիտեմ, որի մասին եք խոսում, բայց տնտեսությունում ցանկացած բիզնես մասնակից կարող է ունենալ ցանկացած հարց ցանկացած սուբյեկտի հետ»,- ասաց նա:

 

Դարբինյանը կրկին շեշտեց, որ հոր ծավալած գործունեության հետ կապ չունի: «Ճիշտ հասցեով չեք զանգահարել: Ճիշտ հարցերով չեք զբաղվում: Երկրում ավելի լուրջ հարցեր կան: Ի՞նչ արտասովոր բան կա դրա մեջ, դատարաններում հարյուրհազարավոր դատական գործեր կան, դա նորմալ բան է: Դա եսիմ ինչ երևույթ չէ, որ մի հատ էլ արձագանքենք»,- նշեց Սլավոնական համալսարանի ռեկտորը:

 

Տեղեկացնենք, որ, համաձայն «Ժողովուրդ»-ի հրապարակման, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հոր՝ «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Դարբինյանի դեմ: Դատախազությունը 2014թ. մարտի 18-ի իր հայցադիմումով Ռազմիկ Դարբինյանից պահանջել է հօգուտ պետական բյուջեի գանձել 12 միլիոն 477 հազար 120 դրամ: