կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 12:53
Քաղաքական

Պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը. Արմեն Դարբինյանը դիմել է ԱԱԾ տնօրենին

Պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը. Արմեն Դարբինյանը դիմել է ԱԱԾ տնօրենին

Պարզաբանում հրաժարականի մասին. Երեկվա հրապարակումից հետո նամակների տարափ է սկսվել ինձ հրաժարականից ետ պահելու խնդրանքով և պայքարելու հորդորով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելիներս, Շնորհակալ եմ այսպիսի վստահության, սիրո և հարգանքի համար. ես դեռ պիտի շատ աշխատեմ՝ նման վերաբերմունքը արդարացնելու համար: Որոշ պարզաբանում տամ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության և նշանակման ընթացակարգի մասին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա:

Համալսարանը ունի երկու համահավասար հիմնադիր, երկու պետություն, այն իր բնույթով Միջպետական հաստատություն է, որի գործունեությունը կանոնակարգող Միջպետական համաձայնագրում ժամանակին իմ պնդմամբ ամրագրվել է ռեկտորի՝ համալսարանի Ընդհանուր ժողովի կողմից (որը կառավարման բարձրագույն մարմինն է) ընտրության դրույթը: Սակայն հիմնադիրները իրենց ընթացակարգերում ամրագրել են թեկնածուների նախօրոք համաձայնեցման պահանջը (ինչը արդար է. հիմնադիրներ են, իրավունք ունեն նաև համաձայնություն չտալու): Այնուհետև Ընդհանուր Ժողովի կողմից ընտրված թեկնածուն հաստատվում է ռեկտորի պաշտոնում հիմնադիրների համատեղ հրամանով՝ պաշտոնավարման հինգ տարի ժամկետով:

Մեր վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին, հաջորդ ընտրությունները 2023-ին են: Ռուսաստանյան հիմնադրի ներկայացուցիչը Գիտության և Բարձրագույն կրթության նախարարությունն է: Նախարար Ֆալկովը իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում (առավել, քան երկու տարի) զարմանալի անտարբերություն է ցուցաբերել համալսարանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ մերժել է իմ առաջարկները՝ հանդիպելու և համալսարանի խնդիրները քննարկելու: Իմ կողմից՝ նրա հանցավոր անգործության և հիմնադրի պարտականությունները չկատարելու կապակցությամբ ներկայումս հաղորդում է պատրաստվում ՌԴ դատախազություն (ահա թե ինչով նրանք պիտի զբաղվեն՝ Հայաստան ֆալսիֆիկացված թղթեր ուղարկելու փոխարեն):

Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում:

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»:

Գրառումից կես ժամ անց Արմեն Դարբինյանը նոր գրռում է արել՝ դիմելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

«Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը:

ՀՀ 7-րդ Վարչապետ Արմեն Դարբինյան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Արմեն Դարբինյանը հայտարարել էր, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իր ազգային արժանապատիվ կեցվածքը և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը. նա պատրաստվում է հրաժարական տալ։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել էր Արմեն Դարբինյանին՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ: