Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աբովյանի գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ռուսի ասած` «բեզ 5-ի մինուտ», Կոտայքի մարզպետն է: Դե, դրա համար անհրաժեշտ է միայն մի ձեւական բան` Սերժ Սարգսյանը պետք է ստորագրի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի հրաժարականի` կառավարության կողմից հաստատված դիմումը:
Ծառուկյան-Գուլոյան սեղանի շուրջ այսօր նշելու բան կա` փեսան պաշտոնի բարձրացում է ստացել, եթե առաջ «Աբովյանը մերն էր», հիմա` «Կոտայնք էլ մերն է», թեեւ «Կոտայքը միշտ էլ մերն էր»:
Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավը մեկ այլ բան է: Ինչպես գիտենք, Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն մտավ մեկ նպատակով, որպեսզի «հայ տղամարդիկ աշխատանք ունենան, հայ կանայք էլ ժպտան»: Ծառուկյանն իր քաղաքական կենսագրության մի քանի տարիների ընթացքում, դանդաղ շտապելով, փորձեց հասնել իր այս` քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող, բայց քաղաքական անվանվող նպատակի իրագործմանը: Տարիների ընթացքում պարոն Ծառուկյանը, հավանաբար տեսնելով, որ հայ տղամարդկանց աշխատանք ունենալուն, իսկ հայ կանանց ժպտալուն խոչընդոտում է Հանրապետական կուսակցությունը, որոշեց դուրս գալ կոալիցիայից, ավելին` իր համար հռչակեց մեկ այլ, այս պարագայում քաղաքականությանն ավելի մոտ նպատակ` «Մենք պետք է ապացուցենք, որ Հայաստանում պաշտոն ստանալու ճանապարհը Մելիք-Ադամյան փողոցով չի անցնում»:
Հիշեցնենք, որ նման պնդում արել էր Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, այսինքն` նման բան հասկացրել էր:
Ժամանակ անցավ, եւ Ծառուկյանը գրավոր տեքստով հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից: Հաշվի առնելով, որ նրա դուրս գալու պահին հայ տղամարդկանցից շատերը այդպես էլ աշխատանք չունեցան, իսկ կանայք էլ` ժպտալու առիթ, Ծառուկյանը` որպես քաղաքական գործիչ, կատարյալ ձախողում կրեց: Գուցե, որովհետեւ մրցակիցն էր շատ ուժեղ, գուցե, որովհետեւ Ծառուկյանը քաղաքական հարցեր չէր դնում, այլ մի տեսակ` փիլիսոփայական, որոնք, ինչպես գիտենք, լուծում չունեն:
Բայց, Ծառուկյանի հեռանալուց հետո տեղի ունեցավ հենց այս նշանակումը` Կարապետ Գուլոյանը, նույն ինքը` պարոն Ծառուկյանի փեսան, ամբողջովին ՀՀԿ-ականներից կազմված կառավարության կողմից նշանակվեց Կոտայքի մարզպետ, այսինքն` պաշտոն ստացավ, շուտով Սերժ Սարգսյանն էլ դա կհաստատի: Այսինքն` Ծառուկյանը ձախողվեց նաեւ իր մեկ այլ նպատակի իրագործման մեջ, այն է` «Հայաստանում պաշտոնների նշանակման ճանապարհը չպետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցով»: Ինչպես տեսնում ենք, անգամ Ծառուկյանի ընտանիքի անդամը Հայաստանում պաշտոն է ստանում հենց այդ փողոցից:
Եվ վերջապես, քաղաքականություն նոր մտնել, կամ այնտեղ նոր ինչ-որ լուրջ բան անել պատրաստվողներին` Ծառուկյանի ֆենոմենն ուսումնասիրելը չի խանգարի: Բանն այն է, որ կանանց ժպիտ պարգեւելը իրենց տղամարդկանց գործն է, իսկ որպեսզի տղամարդիկ աշխատանք ունենան, պետք է ոչ թե պայքարել դրա համար, այլ աշխատատեղ բացել:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ