Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվեց Իջեւանի նախկին ոստիկանապետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանի, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի եւ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` Խոջումյանը 2014թ. ապրիլի 1-ին` ժամը 24-ի սահմաններում, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ: Մասնավորապես` համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի և Արսեն Չապուխյանի ուղղությամբ իր օրինական զենքով կրակոցներ է արձակել, ինչն էլ իրական վտանգ է ստեղծել նրանց կյանքի և առողջության համար:
Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Արտակ Ավետիսյանին նույնպես մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ մեղադրական եզրակացության ` Ավետիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանի հետ նախնական համաձայնությամբ, Անդրանիկ Խոջումյանին օգնելու, նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դեպքի առթիվ քրեական վարույթի կապակցությամբ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Իջևան քաղաքի բնակիչ Աշոտ Այդինյանի իրավունքներին, պետության օրինական շահերին, անզգուշաբար առաջացրել է ծանր հետևանքներ` սպանության փորձ կատարելու մեջ ակնհայտ անմեղ Աշոտ Այդինյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, ապա կալանավորվել է և շուրջ 5 ամիս պահվել անազատության մեջ:
Նշենք, որ Ազիբեկյանը եւ Խոջումյանը կալանքի տակ են, իսկ Ավետիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստում պետք է հարցաքննվեր գործով վկա, ոստիկանության Տավուշի վարզի վարչության պետ Արշավիր Գևորգյանը, սակայն նա դատարան ուղարկած գրության մեջ հայտնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին, որ գտնվում է Տավուշի մարզից դուրս: Նշենք, որ Գևորգյանը նախորդ դատական նիստերին ևս ծանուցվել էր, սակայն երբևէ չի ներկայացել: Ի դեպ, yerkir.am-ի հետ զրույցում դատական նիստին ներկա անձանցից հայտնեցին, որ նիստից առաջ Իջևանում տեսել են վարչության պետին:
Հետաքրքիր է` ո՞ւմից է թաքնվում Գևորգյանը, եթե նախաքննության ընթացքում արդեն իսկ ցուցմունք է տվել, իսկ դատարանում ընդամենը պետք է կրկնի գործի վերաբերյալ իրեն հայտնի եղածն ու մարզի բնակիչների ներկայությամբ պատասխանի դատավորի ու կողմերի հարցերին:
Նշենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացել նաև գործով տուժող Աշոտ Այդինյանը: Նրա վերաբերյալ դատարանը նախորդ դատական նիստում բերման որոշում էր կայացրել: Սակայն դատարանը հայտնեց, որ չի հաջողվել պարզել նրա գտնվելու վայրը:
Մեղադրող դատախազ Արամյանն առաջարկեց վկային և տուժողին կրկին ծանուցել: Իսկ գործով ամբաստանյալների պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը միջնորդեցին թե' վկային և թե' տուժողին բերման ենթարկել դատարան: Այսպիսով` դատավորը հայտնեց, որ միջոցներ կձեռնարկվեն տուժողին և վկայի մասնակցությունը հաջորդ` մարտի 17-ի դատական նիստին ապահովելու համար: