կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 11:45
Աշխարհ

Արցախի ժողովուրդը թիրախ է դարձել ջարդերի, որոնք հիշեցնում էին Հայոց ցեղասպանության օրերը. ԱՄՆ կոնգրեսական

Արցախի ժողովուրդը թիրախ է դարձել ջարդերի, որոնք հիշեցնում էին  Հայոց ցեղասպանության օրերը. ԱՄՆ կոնգրեսական

Հինգշաբթի` փետրվարի 26-ին, կոնգրեսական Ջուդի Չուն,  Ներկայացուցիչների պալատում ելույթ ունենալով, ոգեկոչել է Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում ադրբեջանցիների կողմից իրագործված ջարդերի հայ զոհերի հիշատակը` միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակողապաշտ քաղաքականությունը. տեղեկացնում է Asbarez-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին:

 

Չուն  նաև ԼՂՀ ժողովրդի ազատությունը երաշխավորելու կոչ է ուղղել:

 

 

Ելույթում կոնգրեսականն ասել է. «27 տարի առաջ, երբ Խորհրդային միության համակարգը թուլանում էր, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միակամ որոշել էր իր ապագան որոշելու իրավունքն ապահովել և ավելի մեծ անկախություն ձեռք բերել: Ինքնորոշման և ազատության ուղղված այդ խաղաղ շարժման հակադարձությունը եղան կանխամտածված և պետության կողմից խրախուսված հակահայ հարձակումները: Հաջորդ երկու տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը թիրախ է դարձել ջարդերի, որոնք հիշեցնում էին  Հայոց ցեղասպանության օրերը: Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում ևս ադրբեջանցիների ձեռքով իրագործվեցին ջարդեր: Արձանագրվեցին հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր ուրիշներ տեղահանվեցին:

 

Երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անկախանալու իր կամքն արտահայտեց 1991-ի դեկտեմբերի 10-ին, դրա պատասխանը եղավ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը,  որը տևեց մինչև 1994-ը: Նույնիսկ այսօր ԼՂՀ ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից զինադադարի շարունակական խախտումների անկայուն պայմաններում:

 

Մինչ մենք նշում ենք մռայլ ջարդերի տարելիցը, հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը և հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ցանկությունը կիրականանա, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները լինեն ազատ` որոշելու համար իրենց ապագան»:

 

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը ողջունել է Չուի հայտարարությունը: