Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց` պահանջելով քրեական գործի վերաբերյալ մի շարք հարցերի պարզաբանումներ, ինչպես նաև հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, սակայն, Ավետիսյանների հարազատներին խորհուրդ տվեց դիմել վարույթն իրականացնող մարմնին, այսինքն` ՀՀ քննչական կոմիտեին: Դատախազը բացատրեց, որ նրանք նախաքննության նյութերին կարող են ծանոթանալ բացառապես նախաքննության ավարտից հետո: Նա նաեւ հայտնեց, որ կարող են դիմում գրել գլխավոր դատախազին, որի վերաբերյալ քննարկումներ կլինեն դատախազությունում, և միայն դրանից հետո ինքը կարող է նրանց մտահոգությունների վերաբերյալ կարծիք հայտնել և հնարավորության դեպքում նաև ընդունելություն կազմակերպել:
Ավետիսյանների հարազատներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է զանգով տեղեկություններ ստանալ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց. «Ստեղ փոստ չի, սա մարզի դատախազության շենքն է, զանգով չի լինի»:
Հարազատները դժգոհեցին, որ իրենք արդեն 40 օր է` սգում են ողբերգությունը, սակայն հույսով, որ գործը բացահայտվում է: «Հիմա, որ դուք գոհ չեք էդ ամեն ինչից, չի նշանակում, որ էդ մարդիկ բան չեն անում, հիմա էդ մարդիկ (նկատի ունի Գևորգ Կոստանյանին) դիմել են, որ հանցագործին բերենք մեր տիրույթ»,- ասաց դատախազը: Սակայն հարազատները պնդեցին, որ իրենք դատախազության շենքից չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: «Պետք լինի` մի շաբաթ, մի ամիս առանց հաց ու ջուր կմնանք, վերջում էլ մեզ` որպես դիակ, կտեղափոխեք Շիրակի գերեզմանոց»,- ասաց հարազատներից մեկը:
Մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը` տիկին Ռիտան, հետաքրքրվեց` արդյո՞ք այն հագուստը, որով իբր գտել էին Պերմյակովին, պատկանում է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին: Բացի այդ` նա հայտնեց, որ իրենք ցանկանում են ծանոթանալ Ռուսաստանի գլխավոր դատախազին ուղարկված նամակի բովանդակությանը: «Ինքը նամակ չի տվել, ոչ մի բան էլ չի տվել: Իրանք վախենում են ասել, Մոսկվային կդիմեմ, մինչև Պուտինի մոտ կգնամ: Իրանք լավ գիտեն` ովքեր են էս ամենի հետևում կանգնած»,- հայտարարեց նա:
Ավետիսյանների հարազատները հայտնեցին, որ իրենք պատրաստ են սպասել գլխավոր դատախազին: Ասլանյանն էլ, իր հերթին, հայտարարեց, որ հարազատները խոչընդոտում են դատախազության աշխատանքներին: «Ժողովո'ւրդ ջան, ի՞նչ անեմ ես, ի՞նչ հյուրասիրեմ ձեզ, ես հիմա դատարան եմ գնում, ի՞նչ անեմ: Դատախազը ստեղ չի գալու, չգիտեմ` ով է ձեզ այդ թյուրիմացության մեջ գցել»,- ասաց Ասլանյանը:
Տեսնելով, որ բողոքողներն իր աշխատասենյակից հեռանալու մտադրություն չունեն, մարզի դատախազը ստիպված ինքը հեռացավ, իսկ Ավետիսյանների հարազատները դեռ սպասում են գլխավոր դատախազին: