կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-15 13:22
Քաղաքական

Տգեղ, տհաճ միջադեպ. կառավարության անդամները` Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին

Տգեղ, տհաճ միջադեպ. կառավարության անդամները` Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները կառավարության որոշ անդամներից հետաքրքվում էին, թե ինչ կարծիք են կազմել Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցության անդամների միջև:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց. «Իհարկե տհաճ է, չի կարելի տեղական ինքնակառավարման մարմնի մակարդակն իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հոտ չի գալիս»:

Ըստ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի` միայն տեսանյութն է տեսել, որի հիման վրա չի կարող գնահատական տալ: «Ամեն դեպքում տգեղ երևույթ էր: Իսկ թե ով է մեղավոր, կպարզվի»,- ասաց նա։ Նախարարը կոչ արեց վաղաժամ գնահատականներ չտալ: «Մամուլում ինչ ներկայացված է, դրա վրա չեմ կարող գնահատական տալ։ Տգեղ միջադեպ է եղել, գնահատական չեմ կարող տալ, որովհետև չգիտեմ՝ ինչու է այդպես եղել»,- հավելեց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ չի զղջում ՀՀԿ-ին անդամակցելու համար: Ինչ վերաբերում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելուն, նա ասաց. «Իմ կարծիքով՝ ոչ: Եկեք պարզենք՝ ինչ է եղել: Միանգամից հրաժարական պահանջել կամ ինչ-որ մի բան պահանջել, առանց ուսումնասիրելու այդ ամեն ինչը, տեղին չէ»: