Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ընթանում է սգո ավտոերթ` ի հիշատակ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից գնդակահարված Ավետիսյանների ընտանիքի:
Yerkir.am-ի հետ զրույցում բլոգեր Արա Նախշքարյանը նշեց, որ մոտ 50 մեքենա է մասնակցում այդ երթին: Այն մեկնարկել է 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտից և շարունակվելու է մինչև Գյումրիում ռուսական հյուպատոսարան: Գյումրիում են տասնյակ ոստիկանական մեքենաներ ու հատուկջոկատայիններ, որոնք հսկում են այդ ավտոերթը: Արա Նախշքարյանի խոսքով` երթի ժամանակ ոստիկանները մի պահ փորձել են խոչընդոտներ ստեղծել, սակայն ավտոերթի մասնակիցների ճնշման տակ, այնուամենայնիվ երթը շարունակվեց:
Հարցին` ինչո՞վ է պայմանավորված մեծ թվով հատուկջոկատայինների, դիմակավոր ոստիկանների առկայությունը, Արա Նախշքարյանը պատասխանեց, որ ոստիկանությունը երևի մտածում է, որ զայրացած քաղաքացիները կարող են վտանգ ներկայացնել:
Նա նաև իր տարակուսանքը հայտնեց, որ քաղաքապետարանի շենքի մոտ անգամ մի սև ժապավեն չկա կախված, էլ ուր մնաց` սգո օր հայտարարեն:
Նշենք, որ պարբերաբար բախում է առաջանում ոստիկանների ու քաղաքացիների միջև: Քաղաքացիները հուզված են ու զայրացած, և ոստիկանների կողմից ցանկացած խոչընդոտ վերածվում է սուր բախման: Ներկա պահին քաղաքացիները հասել են ռուսական հյուպատոսարանի մոտ և գրություններ են փորձում փակցնել շենքին, բայց ոստիկանները խոչընդոտում են, ինչն էլ առաւացրել է ավտոերթի մասնակիցների զայրույթը:
«Էդ բճին պետք է հանձնեն մեզի, մենք կռնանք պատժել, դուք չեք կռնա պատժեք, իսկ մենք նամուս ունենք: Մենք ելել ենք մեր էրկրի նամուսի համար, թող ռուսն իմանա, որ մենք կռնանք մեր երկիրը պաշտպանենք»,- գոռում են գումրեցի տղամարդիկ:
Ավտոերթի մասնակից` Գյումրու «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց. «Հայաստանի դատախազը խայտառակ բան է էրել` փոխանակ Հայաստանի շահերը պաշտպանի, սկսել է ՌԴ-ի Սահմանադրությունից հղումներ անել: Փոխանակ Հայաստանի Սահմանադրությունից մեջբերումներ էնե, Ռուսաստանի Սահմանադրությունից մեջբերումներ կենե, էդ մարդը չի կռնա Հայաստանի շահերը պաշտպանել, ա'յ ժողովուրդ: Պահանջը շատ հասարակ է՝ էդ գյադեն պիտի հանձնվի ՀՀ դատախազությանն ու դատվի Հայաստանի օրենքներով»: