Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամփոփվեց «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունը, ըստ որի՝ ՀՀ երիտասարդների միայն 28%-ն է զբաղված:
Դրամական կամ ոչ դրամական եկամուտ բերող գործունեություն չունի հարցվածների 72%-ը:
Այս խմբից 24%-ը գտնվում է ուսումնական գործընթացում, 48%-ը չունի աշխատանք և չի գտնվում ուսումնական գործընթացում, նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին, իսկ ՀՀ պետական սահմանման համաձայն՝ գործազուրկ են այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանք, չեն գտնվում ուսումնական գործընթացում և փնտրում են աշխատանք, այդպիսիք են հարցվածների 20%-ը:
«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում:
Հետազոտության նպատակներն են վերլուծել ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների ներգրավվածության հիմնախնդիրները, վերհանել աշխատաշուկայի պահանջարկին երիտասարդների կարողությունների համապատասխանության հիմնախնդիրները, մշակել առաջարկությունների համապարփակ շրջանակ՝ բացահայտված խնդիրների լուծումներով: Հետազոտությանը մասնակցել են 16-30 տարեկան 1578 երիտասարդ՝ 41% արական, 59% իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ:
Հարցվածներից 481-ը երևանաբնակ են, 1097-ը՝ մարզերից: Երիտասարդների շրջանում հարցումներից զատ՝ իրականացվել է 20 փորձագիտական հարցազրույց գիտական, վարչական, սոցիալական, քաղաքացիական և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձագետների հետ, 57 հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ՝ զբաղվածության պետական ծառայության կենտրոններ, բուհեր, երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, ասոցիացիաներ և այլն, ինչպես նաև 101 խորքային հարցազրույց գործատուների հետ:
Ըստ ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի՝ երիտասարդ են համարվում բնակչության 16-30 տարեկան ներկայացուցիչները, Հայաստանում երիտասարդների թիվը 804 205 է կամ բնակչության մոտ 27.9%-ը: Հետազոտության արդյունքներով՝ 16-20 տարիքային խմբում զբաղված են հարցվածների 16%ը, 21-25 խմբում՝ 33% ը, իսկ 26-30 տարեկանների խմբում՝ 34%ը:
Սա նշանակում է զբաղված երիտասարդների թվի ավելացում տարիքային աճին զուգահեռ: Զբաղված է երևանաբնակ երիտասարդների 32%ը, իսկ մարզաբնակների` 26%ը: Հաշվի է առնվել, որ մարզաբնակ զբաղված երիտասարդների մոտ 19% ը զբաղված է սեփական հողատարածքի մշակմամբ և որպես վարձատրություն կարող է ստանալ բնամթերք: