|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Դա արդեն բեսպրեդել է: Պահանջում եմ ոստիկանությունից անհապաղ գործողություններ ձեռնարկել` բոլոր տեսակի կասկածները փարատելու համար»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստին:
Պատգամավորը հավելեց, որ դատապարտում է նաև ազատամարտիկների նկատմամբ նույնատիպ երևույթները, Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզման դեպքերը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի այն հայտարարությանը, որ նախագահին հայհոյողի ականջները կկտրի, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Փոխոստիկանապետը պետք է օրենքի տառն ու ոգին պաշտպանի և ոչ թե սպառնալիքներով հանդես գա քաղաքացիների նկատմամբ, դա անընդունելի ու անպատասխանատու հայտարարություն է»:
Լրագրողները հետաքրքրվեցին ընդդիմադիր պատգամավորից` չի՞ պատրաստվում թիկնապահներով շրջել այսուհետ, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ես էս քաղաքում եմ ծնվել, մեծացել, ես որևէ խնդիր չունեմ»:
Հարցին, թե արդյո՞ք Արամ Մանուկյանը պատժվեց հանրահավաքներից մեկի ժամանակ նախագահին հայհոյելու համար, նա պատասխանեց, որ ոստիկանությունը պետք է այդ կասկածները փարատելու համար անպայման բացահայտի հանցագործությունը: «Ես չէի ցանկանա ենթադրել նույնիսկ, որ Հայաստանը կարող է ունենալ նախագահ, որը կհանձնարարի, որ ընդդիմադիրներին ծեծի ենթարկեն»,- ասաց պատգամավորը: