կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 13:10
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ վարչապետը լեզվի սայթաքում է թույլ տվել

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ վարչապետը լեզվի սայթաքում է թույլ տվել

Այսօր լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՌԴ-ում արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալման փաստին և այդ փաստի կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքին:

Հիշեցնենք, որ երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես էր արձագանքել Լևոն Հայրապետյանի ձերբակալման վերաբերյալ հարցին. «Կարող են Լեւոնին բռնել, վաղը՝ Բարխուդարին, էն մյուս օրը՝ Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ, ընդհանրապես: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներին, բայց եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ի՞նչ անենք»: 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ճանաչում է  Լեւոն Հայրապետյանին որպես հայրենասեր մարդ, որպես բարերար եւ լրագրող, մարդ, ով թե՛ Հայասատանի եւ թե՛ Արցախի համար արել է մեծ գործ: Նա ենթադրում է, որ այս ամեն ինչում կա քաղաքական ենթատեքստ, եւ եթե Հայաստանն ունի արժանապատվություն, պատիվ, պետք է անդրադառնա այդ  հարցին:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես բառախաղ չեմ ուզում անել, ոչ էլ անձնական ատելություն, քեն ունեմ որեւէ մեկի նկատմամբ: Մեկ-մեկ լեզվի սայթաքումներ են լինում, ինձ թվում է, որ պարոն Աբրահամյանը լեզվի սայթաքում է արել: Չեմ ուզում բառախաղ անել, թե հաջորդը կլինի Սերժը, Հովիկը, Գալուստը, թե մեկ ուրիշը: Վերջապես, օրենքը պիտի գործի՞, թե՞ ոչ»: