կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-27 14:47
Իրավական

Հրաչ Մուրադյանի սպանության գործով քննչական հանձնարարություններ են տրվել

Հրաչ Մուրադյանի սպանության գործով քննչական հանձնարարություններ են տրվել

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից և կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նշանակումից հետո,  բնականաբար, ոչ ոք չէր սպասում, որ  համակարգն անմիջապես կկատարելագործվի կամ մինչ այդ փակուղի մտած քրեական գործերը կբացահայտվեն և այլն: Սակայն ակնկալվում էր, որ գոնե առավել հնչեղ քրեական գործերի բացահայտման առումով որոշակի տեղաշարժ կլինի: Հենց այդ ակնկալիքով էր yerkir.am-ը նախ դիմել, ապա գրավոր հարցում ուղարկել Կոմիտեին` ուղղելով ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող`  Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մորադյանի գործի ընթացքի վերաբերյալ մեզ հուզող հետևյալ հարցերը:

 

1. Վերջին 6 ամիսների ընթացքում ի՞նչ քննչական, օպերատիվ հետախուզական գործողություններ է իրականացրել նախաքննություն իրականացնող մարմինը:

 

2. Աղվան Հովսեփյանի` կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո ի՞նչ հանձնարարականներ են տրվել գործը քննող քննչական խմբի ղեկավարին:

 

3. Գործով որպես մեղադրյալ ներգրավված Արայիկ Պետրոսյանի նկատմամբ վերջին 10 ամիսների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:

 

4. Ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ մինչ այժմ չի դադարեցվում Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

 

5. Ի՞նչ նպատակ են հետապնդում իրականացվող քննչական որոնողական աշխատանքները:

 

Ի պատասխան մեր հարցմանը, կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ քննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը շարունակում է ձեռնարկել անհրաժեշը քննչական և դատավարական գործողություններ քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ: Բացի այդ` հանձնարարություններ են տրվել օպերատիվ հետախուզական մարմիններին` ակտիվացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումները` սպանության բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

 

Կոմիտեից ստացված վերջին տվյալներով` քրեական գործով ներգրավված է միայն մեկ մեղադրյալ` Ա. Պետրոսյանը: Նշենք, որ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը: «Հաշվի առնելով, որ նախաքննությունը դեռևս շարունակվում է և առկա են քննությամբ չպարզաբանված մի շարք հանգամանքներ` վարույթն իրականացնող մարմինը` քննության շահերից ելնելով, առայժմ չի կարող այլ մանրամասներ հրապարակել տրված քննչական հանձնարարությունների, ձեռնարկված և ձեռնարկվող քննչական գործողությունների և ձեռք բերված փաստական տվյալների մասին: Քննության ընթացքի և կայացված որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,- ասված է կոմիտեից ստացված պատասխանում:

 

Հիշեցնենք, որ Մուրադյանն անհայտ անձի կողմից արձակված կրակոցից սպանվել էր 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց: