Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Վարչապետը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես, ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ճիշտ է, այստեղ մենք միասին մի փոքր ուշացումով ենք նշում ՀՀ Անկախության օրը` Սեպտեմբերի 21-ը, բայց էականը դա չէ, այլ այն, որ Հայոց անկախ պետականության ամեն օրը թանկ է մեզ համար:
Ամեն մի օրը աշխատանքի և արարման օր է, մեր երկիրը մի քայլ էլ առաջ տանելու, մի խնդիր էլ լուծելու, մի հոգս էլ դարմանելու օր է: Ամեն օրը համակողմանի զարգացման տանող մի նախաձեռնություն սկսելու կամ պետական կառույցն ամրացնող մի քար էլ դնելու օր է: Համենայն դեպս Հայաստանի կառավարության անունից կարող եմ ասել, որ մենք փորձում ենք, և մեր ջանքերը գործադրում ենք հենց այս տրամաբանությամբ: Հայաստանի անկախությունը մեզ հնարավորություն է տվել ինքներս ընտրել մեր ապագան: Եվ մենք ընտրել ենք. ընտրել ենք բոլորս միասին, ընտրել ենք որպես մեկ միասնական հայ ժողովուրդ: Ընտրել ենք ապագա, որտեղ համայն հայության հայրենիք Հայաստանը դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր պետք է լինի:
Անկախության 23 տարիների ընթացքում, իհարկե, շատ բան է արվել: Երկու տասնամյակից քիչ ավել ժամանակահատվածում երկրաշարժի ավերակներից ու պատերազմի կրակներից ժամանակակից պետություն է կառուցվել, որը բավականաչափ ամուր է՝ իրեն պաշտպանելու համար և բավականաչափ կազմակերպված է՝ առկա խնդիրները լուծելու համար: Այսօրվա Հայաստանը մեր ժողովրդի բազմադարյա երազանքի երկիրն է, որ հաջողվել է ստեղծել, բայց, անշուշտ, այն դեռ լիովին չի ապահովում ապագայի այն պատկերացումը, որը մենք միասին մեզ համար ընտրել էինք: Այդ ճանապարհին դեռ շատ ու շատ անելիք ունենք և այդ ճանապարհին դեռ շատ ու շատ խնդիրներ ունենք լուծելու:
Միասի՛ն լուծելու. նույն ոգևորությամբ, նույն միակամությամբ ու միասնությամբ, որով ընտրել ենք մեր ապագան, անկախ երկրի ու հպարտ ժողովրդի ապագան: ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին և պետության ամուր թևի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին: Պետք է լրջորեն շարունակել արտահանման նոր հնարավորությունների ստեղծման և արտադրական նոր հզորությունների գործարկմանն ուղղված ջանքերը:
Գյուղի ու գյուղացու խնդիրների հանդեպ ամեն օր անգամ չի կարելի ուշադրությունը նվազեցնել ու չի նվազեցվելու: Այս ու բազմաթիվ այլ առաջնահերթություններ եռանդով աշխատանք են պարտադրում, և այդ աշխատանքը տեսանելի է լինելու մոտ ապագայում: Սիրելի՛ հայրենակիցներ, Ինձ համար պատիվ է խոսել այսպիսի հարգարժան լսարանում: Ամերիկահայ համայնքն, իհարկե, առանձնահատուկ տեղ ունի հայրենիք-սփյուռք հարաբերություններում: Այստեղ մենք ունենք աշխարհում ամենակազմակերպված և ամենաազդեցիկ համայնքներից մեկը, որով իսկապես հպարտ ենք: Կարծում եմ՝ այս հանգամանքը լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնում, և դրա գիտակցումը մենք տեսնում ենք թե՛ ամերիկահայ գործիչների, թե՛ կազմակերպությունների եռանդուն գործունեության մեջ: Հայաստանի անկախության վերահաստատումից հետո ԱՄՆ-ի հետ փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա ձևավորվեցին միջպետական ամուր կապեր: Այսօր մեր երկկողմ հարա¬բերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ունենք փոխգործակցության և արդյունավետ շփումների պատկառելի ծավալ: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ և ընթանում սերտ գործընկերության ոգով:
Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգների կառավարությունը առաջին իսկ օրերից ցուցաբերել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և ազատ տնտեսության հաստատմանն ուղղված ջանքերին: Բարձր ենք գնահատում այն կարևոր ծրագրերը, որոնք Հայաստանում 1992 թվականից ի վեր իրականացնում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը:
Երախտապարտ ենք ամերիկյան օրենսդիրներին Հայաստանին և Արցախին ամեն տարի տրամադրվող ֆինանսական աջակցության համար: Եվ, իհարկե, երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին՝ հայ-ամերիկյան հարաբերություններում իրենց կարևոր և տեսանելի դերակատարության, Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Հայ-ամերիկյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և ԱՄՆ ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա:
Կարող ենք փաստել, որ միջազգային հանրությանը հուզող կարևորագույն հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են, և այդ հանգամանքը նոր հնարավորություններ է տրամադրում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության սերտացման համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Օրեր առաջ ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը հորդորում էր բոլորին հաճախ լինել Հայաստանում և վերադառնալով՝ տեսածը պատմել հնարավորինս շատ մարդու, այդ թվում և ոչ հայերի: Պատմել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էության, սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ արցախցու անբեկանելի իրավունքի մասին, Թուրքիայի բազմերես դիվանագիտության ու Հայոց հարցի մասին, բայց նաև պատմել այսօրվա Հայաստանի մասին, նրա հարմարությունների, գրավչության և ձեռքբերումների մասին:
Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որքան բացասական տեղեկատվություն կա տարածված Հայաստանի և հայկական իրականության մասին: Դրա մի մասն, անշուշտ, կատարյալ անմտություն է, ինչի տարածման վրա միլիոններ է ծախսում «աշխարհի ամենադեմոկրատ երկրներից մեկը»՝ Ադրբեջանը: Նրանից, իհարկե, հետ չի մնում նաև իր եղբայր Թուրքիան:
Այս ամենը բոլորս շատ լավ հասկանում ենք: Սիրելի բարեկամներ, Հայաստանը շատ լավ երկիր է բիզնես անելու համար և ամեն հաջորդ օրը ավելի լավն է լինելու: Հայաստանը շատ լավ երկիր է ու վաղն էլ ավելի լավն է լինելու: Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, հայի տունը, ուրեմն նրանից ավելի ջերմ ու հարազատը չկա: Միասին մենք այն նաև ազատելու ենք այսօր առկա բոլոր խնդիրներից ու զարգացման խոչընդոտներից: Հորդորում եմ բոլորին՝ չկասկածել դրանում»: