Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով շփման գծում վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքների մասին, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության որոշ հանգամանքներով:
Ըստ նրա` Ադրբեջանը ներքաղաքական խնդիրներ ունի` տնտեսական, խոսքի ազատության, մարդու իրավունքների հարթություններում, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի առումով: Եվ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով փորձում է այդ բացթողումներից շեղել իր իսկ հասարակության ուշադրությունը: Իսկ արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը փորձում է շփման գծում սադրիչ գործողությունների միջոցով ազդել բանակցային գործընթացի վրա:
«100 տոկոսով բացառել, որ մարտական գործողություններ` այս կամ այն տիպի կամ լոկալ, չեն լինի, ռազմական կառույցի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ, բայց մենք ամեն ինչ կանենք, որ այն չվերածվի լայնամասշտաբ պատերազմի, և այսօր մենք այդ միտումը չենք տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը վստահ է, որ բանակցային գործընթացում հաջողությունների նախապայման կարող է լինել վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչն էլ առաջին գծում պետք է գտնի իր արտահայտությունը, այսինքն` բոլոր տիպի կրակոցների դադարեցում, դիպուկահարների հետքաշում, դիվերսիոն գործողությունների բացառում և այլն:
Այդ առումով, ըստ Սեյրան Օհանյանի, Մինսկի խմբի համանախագահներն անելու գործ ունեն հետաքննական մեխանիզմների ձևավորման գործում, ինչն էլ հստակ կորոշի, թե որ կողմն է առաջինը խախտում իրականացրել, որպեսզի դատապարտվի խախտում կատարող կողմը: «Եթե դա չկա, ապա հորդորը երկու կողմերին էլ արդյունավետ չէ, որովհետև հակառակորդի գործողությունների միակ զսպման մեխանիզմը ՀՀ ԶՈՒ հստակ գործողություններն են»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը հավելեց, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար այս վիճակն ընդունելի չէ:
«Պետք չէ ավելացնել զոհերի թիվը: Հունվար ամսին մենք ունեցել ենք ոչ թե 10, այլ 7 զոհ, իսկ դրա պատասխանը բազմապատիկ անգամ մենք հակառակորդին տվել ենք»,- ասաց նախարարը: