կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 17:38
Մշակույթ

«Inter Dance»` այստեղ իմացածովդ չես կարող սահմանափակվել

«Inter Dance»` այստեղ իմացածովդ չես կարող սահմանափակվել

Նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր գործունեության 5-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ «Inter Dance» պարային համույթը: Համերգը բաղկացած էր 23 համարից՝ մոդեռն ջազից, բալետից մինչև հայկական ժողովրդական պարեր:

 

Yerkir.am-ի հետ զրույցում համույթի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանն ասաց, որ 5 տարվա ընթացքում ունեցել են 4 մենահամերգ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է եղել պարի մի ոճի, օրինակ` համերգներից մեկում ներկայացվել են տարբեր երկրների ժողովրդական պարերը, մյուսներում` միայն հայկական պարերը, ջազային, բալետային… Ըստ նրա` յուրաքանչյուր մենահամերգի ծրագիր էականորեն տարբերվում է մյուսից` ոչ միայն հանդիսատեսին չհոգնեցնելու, այլև համույթի նոր ձեռքբերումները ներկայացնելու համար:

 

«Հանդիսատեսը հոգնում է` անընդհատ նույն բանը տեսնելով, իսկ մեր համույթները խաղացանկերը չեն փոխում, դրա համար էլ մենք փորձում ենք հանդիսատեսին տալ այն, ինչի կարիքը, պահանջարկն ունի: Ով հայտնվում է մեր համույթում,  անընդհատ անելու բան ունի, ոչ մի պարող չի սահմանափակվում իր իմացածով: Այսինքն` եթե մարդը պարել է միայն ջազ ոճում` մեզ մոտ պետք է սովորի նաև մյուս ոճերում պարել այնքան լավ, որքան ջազում: Հիմա համույթի կազմում ունենք 40 պրոֆեսիոնալ պարողներ»,- ասաց Քալաշյանը:

 

Ըստ նրա` Հայաստանում հեշտ է համույթ ունենալը, եթե կարողանում ես հասկանալ` ինչպե՞ս աշխատել պարողի հետ և հատկապես ի՞նչ տալ նրան: Խմբում, ըստ Քալաշյանի, կարևոր է նաև թիմային աշխատանքը, թիմի անդամ լինելու զգացողությունը, քանի որ դա անդրադառնում է պարողների` պարելու որակի վրա:

 

«Համույթներ Հայաստանում շատ կան, բայց պրոֆեսիոնալ համույթները մի քանիսն են, որոնք էլ ամենաքիչը 20 տարվա փորձ ունեն: Մենք երևի ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ համույթն ենք, որի համար, իրոք, հպարտ ենք»,- ասաց Քալաշյանը: