կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-04 13:30
Մշակույթ

Տիգրան Համասյանի բացօթյա համերգը` հունիսի 11-ին Զվարթնոցի տաճարում

Տիգրան Համասյանի բացօթյա համերգը` հունիսի 11-ին Զվարթնոցի տաճարում

Հունիսի 11-ին Զվարթնոցի տաճարում տեղի կունենա Տիգրան Համասյանի բացօթյա համերգը` «Լույս ի լուսոյ» խորագրով: Համերգի մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ «Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը մեկնարկել է մարտի 24-ին Երևանում և կշարունակվի Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում: Նախագիծը Համասյանը կյանքի է կոչում Երևանի պետական կամերային երգչախմբի (Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ) հետ համատեղ: Համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր: Ի դեպ, երևանյան համերգները կազմակերպել է TM Production-ը:

Համասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, մեր ուխտագնացության մարշրուտը վերջապես հստակեցվեց. սկսում ենք ամսի 11-ին՝ Զվարթնոցի տաճարից, որտեղից հունիսի 30-ին մինչև Ստամբուլի Սբ Իրեն բյուզանդական եկեղեցի ենք հասնելու: Հուսով եմ՝ ցանկում շուտով կընդգրկվեն նաև Կարսը ու Անին, որտեղի համերգները հաստատվելու դեպքում կկայանան հունիսի 20-ին ու 21-ին համապատասխանաբար»:

Նշենք նաև, որ հունիսի 13-ին նույն ծրագրով Համասյանը համերգով հանդես կգա նաև Ստեփանակերտի մշակույթի պալատում, իսկ հունիսի 15-ին` Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

«Լույս ի լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Համասյանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները: Ամբողջ շրջագայությունն ու բոլոր համերգները կնկարահանեն Էմիլի Մկրտչյանն ու Ալեքս Իգիդբաշյանը, իսկ արդյունքում` 2016-ին Տիգրանի հետ համատեղ առանձին ֆիլմ կթողարկեն: