|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ ներկայացուցիչները այցելել են Արաքսի հովիտ, որտեղ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ: Այցելության մանրամասների վերաբերյալ Yerkir. am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
- Պարո'ն Մարգարյան, նախ` ի՞նչ պատվիրակություն է հոկտեմբերի 6-ին մեկնել Արաքսի հովիտ, եւ ո՞րն է եղել այցելության նպատակը:
- Այցելության առիթը եղել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերը: ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գլխավորությամբ` Արաքսի հովիտ է մեկնել Հայաստանի` մեր մարզային կոմիտեների անդամներից եւ այլ ընկերներից բաղկացած ավելի քան 30 հոգանոց պատվիրակություն: Պատահական չէ, որ նման ներկայացուցչական կազմով ենք մեկնել, քանի որ այս տարածքների վիճակը, այնտեղ տեղի ունեցող աշխատանքների ընթացքը մշտապես եղել է Դաշնակցության ուշադրության առանցքում: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ մեր կուսակցությունը փորձել է նաեւ տարբեր բնույթի նախաձեռնություններով նպաստել այդ աշխատանքների հաջող ծավալմանը: Կասկած չկա, որ մեծ զոհաբերությունների գնով ձեռք բերվածը պահպանելու եւ ամրապնդելու ճանապարհը դրա կայացումն է՝ իր բնակիչներով եւ զարգացած տնտեսությամբ: Ուրեմն եւ այցելության նպատակը տեղում լինելը եւ անմիջականորեն գործերի ընթացքին ծանոթանալն էր:
-Արդարացա՞ն Ձեր ակնկալիքները, ինչպիսի՞ տպավորություններ ստացաք:
– Նախ ասեմ, որ այցելությունը լավ էր նախապատրաստված: Մեզ հետ հանդիպման էին եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, նախարարներ եւ այլ պաշտոնյաներ՝ Արցախի նախագահի գլխավորությամբ: Արաքսավան բնակավայրում նշածս պաշտոնյաները բավական մանրամասնորեն պատմեցին ընթացող աշխատանքների մասին, պատասխանեցին մեզ հետաքրքրող հարցերին: Մասնավորապես` ներկայացվեց բուն Արաքսավանի զարգացման ծրագիրը, որում ներառված էր հարմարավետ բնակարանների կառուցումը՝ հարակից հողամասերով, գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ օժանդակ կառույցներով, անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումով եւ այլն:
Այն, ինչ թղթի վրա էր, եթե իրականության վերածվի, ինչին հավատում եմ, ապա ոչ միայն շատ անհրաժեշտ, այլեւ կարեւոր գործ արված կլինի, եթե նկատի ունենանք, որ ընտրված տարածքը գտնվում է Արաքս գետից ոչ հեռու` հանգուցային ճամփաբաժանի վրա: Ծանոթացանք այս տարածքներում իրականացվող ենթակառուցվածների ձեւավորման ուղղությամբ տարվող, ինչպես եւ այլ աշխատանքների, որոնք լավ հիմք են` հետագա ընդհանուր զարգացումն ապահովելու համար: Չնայած եղած դժվարություններին` այստեղի բնակիչները բանջարաբոստանային կուլտուրաների, եգիպտացորենի մշակմամբ են զբաղված, նորաստեղծ ավանում ծանրաբեռնվածությամբ աշխատում էր առաջին վերամշակող գործարանը: Ամենաուրախալին այն էր, որ, ինչպես տեսանք, Լեռնային Ղարաբաղի իշխանությունը վճռականությամբ ձեռնամուխ է եղել երկիրը շենացնելու, հզորացնելու գործին: Ամենակարեւորն, իհարկե, հավատն է ազատագրված հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ: Այս դիրքորոշումը նաեւ ամենալավ պատասխանն է այն թերահավատությանը, այն հոռետեսական տրամադրություններին, որոնք երբեմն արտահայտվում են` կապված բանակցությունների, քաղաքական գործընթացների հեռանկարի հետ: Այսօրվա լավագույն դիվանագիտությունը անկախացած երկրի ամրապնդումն ու շենացումն է:
-Ինչպե՞ս եք գնահատում այցելությունը, արդյո՞ք այն նաեւ գործնական արդյունք ունեցավ:
– Այցելությունը օգտակար էր, քանի որ մեր աչքով տեսանք ու պատկերացում կազմեցինք շատ բաների մասին: Բայց այցը օգտակար էր ոչ միայն ճանաչողության առումով: Հանդիպումը, այո, ունեցավ նաեւ գործնական արդյունք: Մենք այսու հանձնառություն ենք առնում նշված տարածքում` 10 հեկտարի վրա հիմնել նռան այգի: Սա կլինի առաջին փուլի առաջին ներդրումը: Երկրորդ փուլում կկառուցվի գործարան, որտեղ կարտադրվի նռան խտանյութ:
-Պարո'ն Մարգարյան, օգտվելով առիթից, այլ թեմայով մեկ հարց: Լրատվամիջոցներում դարձյալ հրապարակումներ են հայտնվել, թե ՀՅԴ-ն պատրաստվում է իշխանության հետ կոալիցիա կազմել: Ճի՞շտ են, արդյոք, այս լուրերը:
– Բոլորովին վերջերս առիթ եմ ունեցել հերթական անգամ հերքելու նման խոսակցությունները: Չգիտեմ` միտո՞ւմ կա խորքում, թե՞ այլ պատճառով է, որ նույն հարցն անընդհատ շահարկվում է: Շատ հստակ պատասխանում եմ՝ մեր օրակարգում նման հարց չի եղել եւ չկա:
Զրուցեց Մելանյա Մելքումյանը