կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-14 10:28
Մշակույթ

Փարաջանովյան մրցանակներ` Ստեփան Անդրանիկյանին ու Տիգրան Մանսուրյանին

Փարաջանովյան մրցանակներ` Ստեփան Անդրանիկյանին ու Տիգրան Մանսուրյանին

Երեկ Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ քանի որ «Ոսկե ծիրանն» այս տարի փարաջանովյան է, առաջին հերթին «Նռան գույնը» ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին հանձնվեցին Փարաջանովյան մրցանակներ: Աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկն էլ արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին:

 

Փառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնն արդեն 11 տարվա կյանք ունի, այսինքն` մի ամբողջ պատմություն, որը մշակույթի ոլորտում մեծ դերակատարում է ունեցել:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կինոփառատոնը մեզ համար սպասված և կարևոր մշակութային իրադարձություն է:

 

«Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ ու արվեստագետներ` աշխարհի ավելի քանի 120 երկրներից, ինչը փաստում է այն մասին, որ փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը տարեցտարի մեծանում է»,- ասաց վարչապետը:

 

Փառատոնի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ով առաջին անգամ երգեց ծիրանափողի՝ դուդուկի նվագակցությամբ:

 

Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցում են մի շարք անվանի կինոգործիչներ` Կիմ Կի Դուկը, Ցզյա Չժակեն, Քշիշտոֆ Զանուսին, Մարկո Մյուլերին…