Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին, կարծիք հայտնեց, որ այն ճիշտ շեշտադրումներով էր, մասնավորապես` խոսքը վերաբերում է քաղաքական հիմնական մոտեցումներին:
«Կիսում եմ ԲՀԿ առաջնորդի այն տեսակետները, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չկա, որ պետությունը գնում է փակուղի: Այլ հարց է, թե ինչպիսի քաղաքականություն պետք է որդեգրել այդ մոտեցումների ժամանակ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին բառացիորեն ասել է, որ «լուրջ չի համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ, պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է եւ երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ էլ պատրաստ կլինի բոլոր հարցերին պատասխանելու, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ «տարբերության նյուանսները պետք է ճշտել իրենցից»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի այն դիրքորոշմանը, որ քառյակի ձևւաչափն այնքան էլ չի կարևորում և կարող է անցնել երկկողմ ձևաչափերին, ապա, պատգամավորի կարծիքով, Գագիկ Ծառուկյանը խոսում է հնարավոր տարբերակների մասին:
«Քառյակը միշտ օրակարգային միասնական դարձնում է այն հարցերը, որոնք ընդունվում են բոլորի կողմից: Եթե որևէ կարևոր հարցի հետ կապված, օրինակ` սահմանադրական փոփոխությունների հետ կապված, կան տարաձայնություններ, ուրեմն նորմալ է, որ քաղաքական ուժերը առանձին արտահայտեն իրենց դիրքորոշումները: Դաշնակցությունը վերջնական չի ասել, որ աջակցում է կամ կմիանա սահմանադրական փոփոխություններին, մեր գործընկերներն ասել են, որ իրենք ունեն իրենց մոտեցումները, որոնք քննարկման փուլում են: Կարևորում եմ, որ քառյակը միասնաբար շարունակի իր գործունեությունը, որովհետև քառյակը այն քաղաքական միավորն է, որը կարող է իրավիճակ փոխել առանց մայդանների ու ցնցումների, այսինքն` կարող է ժողովրդին ուղղորդել դեպի արմատական փոփոխություններ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ քառյակի ուժերի բոլոր փաստարկներն էլ համոզիչ են` սահմանադրական փոփոխությունների հետ կապված:
Նա նշեց, որ այսօր` ժամը 13-ին, քառյակի ուժերը կրկին կհանդիպեն, սակայն օրակարգը, ինչպես միշտ, հայտնի չէ, որովհետև այն ձևավորվում է հենց տեղում: