կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 12:34
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ վրա եք դառնանում

Ո՞ւմ վրա եք դառնանում

Լրագրողներին դաս տալու հհկական մարմաջը, հայհոյանք-քֆուրի տեսքով ծաղկելով մհերսեդրակյանների ու շմայսների և այլ ականավոր հհկականների շուրթերին, այժմ էլ փորձում է առավել քաղաքակիրթ կերպ ու կերպավորում ստանալ. իշխող կուսակցության համար այս բախտորոշ գործին է ահավասիկ լծվել ՀՀ կրթության և գիտության նախարարը:

 

Անտարակույս, թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում լրագրողների հանդեպ իրենց ողջ քամահրանքը թափելուն նպաստել է լրագրողական աշխարհի նկատմամբ ՀՀԿ առաջին դեմքի՝ Ս. Սարգսյանի պատմական հայտարարությունը, որով մեր երկրում ծանրացած գաղջ մթնոլորտը նախագահական բարձունքից վերագրվեց մեր որոշ լրատվամիջոցների, ասել է թե՝ լրագրողական աշխարհին: Հետևաբար, այս խիստ տարօրինակ մեղադրանքից հետո կարող էին լրագրողներին «դավայ ստուց» կամ «կտամ՝ չանեդ կջարդեմ» ասել ով ասես. ցանկացած հհկական պատգամավորի և պաշտոնյայի բերանից դա լսել հնարավոր էր, քանզի, փոքր-ինչ գեղարվեստական ձևակերպմամբ, արդեն լսվել էր թիվ մեկ հհկականի բերանից: Ուրեմն` բնավ զարմանալի չէ, որ լրագրողների «պահվածքից» իր բուռն դժգոհությունն է արտահայտել ՀՀԿ ինտելեկտուալ Արմեն Աշոտյանը՝ նույն ինքը ՀՀ կրթության նախարարը, նույն ինքը՝ ՀՀԿ փոխնախագահը:

 

Նա, փաստորեն, կուսակցական ջերմեռանդությամբ ամբողջովին և գլխովին, հոգով և մանավանդ գաղափարապես հհկական պատգամավորներ Շմայսի կողմն է, Բուռնաշի կողմն է, գեներալ Մանվելի կողմն է, որոնց հանդեպ լրագրողական «գաղջ» միտքը սադրանքներ է կատարում՝ համարձակվելով նրանց տարրական հարց տալ՝ ինչո՞ւ են լքում, առաջնորդի փոխաբերաբար հնչեցված արտահայտությամբ՝ իրենց «խրամատը»:

 

Անտարակույս է, որ կրթության պարոն նախարարին վրդովեցրել է ոչ այնքան շմայսներից ու բուռնաշներից ինչ-որ հարցի պատասխան ստանալու` լրագրողական «անկրթությունը», որքան այն, որ վերջիններիս շրջանում «խրամատը» զանազան սրախոսությունների և անեկդոտների առիթ է արդեն դարձել: Եղբա'յր, ձեր մասին այդքան անհեթեթ խոսք ու արտահայտություն թող չասվեր՝ չդառնար: Ո՞ւմ վրա եք դառնանում, դուք ձե՛ր վրա եք դառնանում,- մոտավորապես կասեր հայտնի հեղինակի հայտնի հերոսը:

 

Բ. Գասպարյան