Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում կազմակերպվել էր երթ` ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Երթին մասնակցում էին բազմաթիվ արվեստագետներ, մտավորականներ, ակտիվիստներ:Երթի մասնակիցները պետք է հայտարարություններ ու նամակներ հանձնեն ՄԻՊ-ին, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը, նախագահի նստավայրին և և ՀՀ ԱԳՆ-ին: Մինչ երթի մեկնարկը մասնակիցների հետ միասին աղոթեց Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանը: Լևոն Հայրապետյանի աջակցության շտաբի անդամ Արմինե Սիմոնյանի փոխանցմամբ, Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) հայտնել է երթին իր աջակցությունը:
Երթին մասնակցում էր երգիչ-դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը: Նա նշեց. «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ճանաչենք մեր մեծերին. նկատի ունեմ մեծ հայերին: Ըստ Լևոն Հայրապետյանի` սերը դա արարք է: Շատ մեծահարուստներ կան, որ էդ հարստությունն իրենցից զատես, ոչինչ տակը չի մնա, իսկ մենք գործ ունենք մի մտավորականի, մի մարդու հետ, ով թիկունք է կանգնել ոչ միայն Ղարաբաղին, ոչ միայն հային, այլ նաև Ռուսաստանում ապրող հայերին:
Ես գիտեմ, թե որքան բարի գործեր է ինքն արել: Էսօր խնդիրն այն չէ, ինչ խնդրով է նա այդ վիճակում հայտնվել, այլ խնդիրն այն է, թե մենք ինչ պետք է անենք, որ այս խնդիրը լուծենք: Մենք մեզ չենք ների, Աստված չանի, որ Լևոն Հայրապետյանի առողջությունն այդ պայմաններում վատանա: Մենք պետք է հասկանանք, թե շուտափույթ ի՞նչ գործողություններ մենք կարող ենք անել, հույս չդնելով կառավարության վրա, այլ հույս դնելով մեր արժանապատվության վրա»:
Լևոն Հայրապետյանի եղբորորդին` Գուրգեն Հայրապետյանը նշեց. «Ինքը ֆիզիկապես իրեն լավ չի զգում, թեև հոգեպես ինքը շատ պինդ, ուժեղ մարդ է: Ինքը 65 տարեկան է, պետք չի դա մոռանալ»: Վահան Շիրխանյանն էլ նշեց, որ երթի մասնակիցներին միավորել է մի մարդ ով արժանի է այդ հարգանքին:
«Բարերար է էությամբ, իսկական բարերար, ոչ թե կեղծ բարերար: Հազարավոր մարդկանց օգնած և ոչ մեկի առջև պայման չդրած, մարդ, ով օգնել է` միայն իր ուժերի վրա հենվելով»,- ասաց Վահան Շիրխանյանը: