Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
3 ու կես ժամ տևած` ՀՀԿ Խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թե' ՀՀԿ ԳՄ նիստը, թե' ՀՀԿ Խորհրդի նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քննարկվել են նոր քաղաքական սեզոնում ՀՀԿ անելիքները և այլ հարցեր:
Նշեց, որ ելույթով հանդես է եկել նախագահը` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության, կառավարության և ՀՀԿ տարածքային կառույցների գործունեությանը, սահմանադրական բարեփոխումներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ կարգավորման հարցերին: Ելույթներ են ունեցել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և այլք: Հնչել են երկու տասնյակից ավելի ելույթներ, որից հետո հարցուպատասխանի ձևաչափով շարունակվել է Խորհրդի նիստը:
Շարմազանովի խոսքով` նախագահը դրական է գնահատել Ազգային ժողվում ՀՀԿ խմբակցության աշխատանքները և անթույլատրելի է համարել պատգամավորների շատ բացակայությունները: Նախագահը նաև դրական է գնահատել կառավարության բաց ու հրապարակային աշխատանքը` հույս հայտնելով, որ կառավարությունը կշարունակի նման գործելաոճը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ընթացքին` ՀՀ նախագահը շեշտել է, որ առաջին անգամ է նորագույն պատմության մեջ, որ իրականացվում են սահմանադրական բարեփոխումների բաց ու հրապարակային քննարկումներ: Հոկտեմբերին արդեն պատրաստ կլինի սահմանադրական բերփոխումների հայեցակարգը, որը կդրվի քննարկման խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակական կառույցների հետ:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ մտահոգություններ է արտահայտել նախագահը` սահմանադրական բարեփոխումների ընթացքի հետ կապված, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ մտահոգություններ նախագահը չի հայտնել, բայց շեշտել է, որ ոչ թե իշխանությունն է իր կողմից հասարակությանը հրամցնում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, այլ այն քննարկվում է քաղաքական ու հասարակական ուժերի հետ և ձևավորվում այդ քննարկման արդյունքում:
«Անհասկանալի է այն քաղաքական ուժերի պահվածքը, ովքեր, խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ասում են, թե այդ բարեփոխումների ժամանակը չէ: Բա ե՞րբ է այդ ժամանակը: Նախագահական ընտրություններից առաջ անընդհատ ասում էին, որ պետք են սահմանադրական փոփոխություններ, իսկ երբ ավարտվեցին նախագահական ընտրությունները, հիմա պարզվում է` ժամանակը չէ՞, դա ծիծաղելի է: Դա ժողովրդական լեզվով ասած` մահանա է: Ես հասկանում եմ, օրինակ, Դաշնակցության դիրքորոշումը` այդ հարցի հետ կապված, բայց մնացածների դիրքորոշումը անհասկանալի է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց նաև որ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը չի քննարկվել: