Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 2011թ-ի սեպտեմբերի 23-ին Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի ենթադրյալ պարագլուխ Արտուշ Հակոբյանի հարցաքննությունը:
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Հովիկ Արսենյանն իր պաշտպանյալից հետաքրքրվեց, արդյոք Հակոբյանն իրեն համարում է հանցավոր աշխարհի ներկայացուցիչ: Ամբաստանյալը պատասխանեց, որ ինքն ընդամենը գործարար է: Նա նաև նշեց, որ այն շարժական և անշարժ գույքերը, որոնք նախաքննական մարմինը կալանքի տակ է դրել, իրեն չեն պատկանում և որ այդ ամենն ընդամենը կազմակերպած շոու է:
Պաշտպանը հայտնեց, որ իրեն այնպես է ներկայացվել, թե իբր Արտուշ Հակոբյանը քրեական աշխարհում այնպիսի անձնավորություն է, որ ոչ ոք չի համարձակվի նրա վրա ցուցմունք գրել, իսկ ով էլ որ գրի` ողջ չի մնա, ապա դիմելով ամբաստանյալին, հարցրեց, թե ինչի՞ց ելնելով են նրան բանդայի պարագլուխ համարում:
«Այ քեզ բան, հո համարելո՞վ չէ` ապացուցելով է , երեք տարի տևած գործի քննության ընթացքում չեղավ մի ցուցմունք կամ ապացույց , որը կվկայեր , որ ես մասնակից եմ այդ գողություններին»,- արձագանքեց ամբաստանյալը:
Նշենք, որ ըստ նախաքննության` Արտուշ Հակոբյանը մասնակցել է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի առանձնատնից` 2011թ-ի օգոստոսի 20-ի լուս 21-ի գիշերը կատարված գողությանը: Սակայն այսօր ամբաստանյալը դատարանում հայտնեց, որ նա այդ հանցագործությանը չէր կարող մասնակից լինել, քանի որ այլ վայրում է եղել և որ իր հետ գտնվող անձինք կարող են դատարանում փաստել այդ մասին:
Հակոբյանի խոսքով` այդ օրը ինքն իր ընկերոջ հետ եղել է Լիլյա Սահակյանի բնակարանում և մասնակցել է ընկերոջ ծննդյան արարողությանը:
Նշենք նաև, որ ըստ Արտուշ Հակոբյանին առաջադրված մեղադրանքի` 2011թ-ի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը` վերջին ավազակային հարձակումը ավազակային հարձակումը կատարելուց առաջ Արտուշ Հակոբյանը հավաքագրել է գործով ամբաստանյալներին:
Դատարանում սակայն Հակոբյանը հայտնեց, որ ամբաստանյալներին չի ճանաչել և հետևաբար նրանց չէր կարող հավաքագրել, իսկ սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն ընկերների հետ եղել է Աբովյանի Մայակովսկու փողոցում գտնվող գործարանում:
«Նոր գործ էինք սկսել, մատաղ էինք անում: Ես էի, Վարդան Հակոբյանը, Գագիկ Մարկոսյանի , «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մարատ Գրիգորյանը (ներկայումս գտնվում է կադրերի ռեզերվում)»,-ասաց նա և հավելեց, որ այդ մասին կարող են փաստել հեռախոսային վերծանումները:
Նշենք, որ ըստ ամբաստանյալի` նախաքննության ընթացքում, երբ իր կնոջը բերման են ենթարկել` ինչ-որ անձինք առաջարկել են կաշառքի դիմաց նրան ազատ արձակել: Բացի այդ Արտուշի հայրը` Ռուբիկ Հակոբյանը նախաքննության ընթացքում հայտնել է պաշտպանին, որ ինչ-որ անձինք զանգահարել են իրեն և առաջարկել ` կաշառքի դիմաց ինչ-որ զենքերի վրա հայտնաբերված Արտուշի մատնահետքերը կոծկել:
Դատավոր Մեսրոպ Մակյանն ամբաստանյալին պարզաբանցեց, որ այդ դեպքերի վերաբերյալ կարող է համապատասխան հաղորդում ներկայացնել իրավապահներին: Պաշտպան Հովիկ Արսենյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ինքը դրա վերաբերյալ դիմում գրել է և անգամ հրապարակել այն հեռախոսահամարը, որից զանգ է կատարվել Արտուշի հոր հեռախոսին, սակայն ըստ նրա` կատարվածի վերաբերյալ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Ամբաստանյալը սակայն նշեց, , որ արդեն անցել է 3 տարի և որ իմաստ չկա այդ հարցին նորից անդրադառնալ:
Այսքանով ավարտվեց Արտուշ Հակոբյանի հարցաքննությունը: Այսպիսով դատարանն ավարտեց ամբաստանյալների հարցաքննությունների փուլը և անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը: Նշենք, որ գործում առկա իրեղեն ապացույցները մեծածավալ են: Դրանք դատարանում կհետազոտվեն հաջորդ դատական նիստին` սեպտեմբերի 3-ին: