Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում երեկ ձերբայալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը:
Նշենք, որ նրա անունը կապվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների, մասնավորապես ՝ մարմնավաճառությամբ զբաղվող անձանց և կալանավորների հանդիպում կազմակերպելու հետ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ աղմկոտ միջադեպից հետո Մկրտչյանին տեղափոխել էին «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ մեկ ամիս զբաղեցրել է պետի տեղակալի պաշտոնը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիանա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալների հետ:
Մասնավորապես՝ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված և անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիանա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: