կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 18:25
Իրավական

7 տղամարդ ողջ գիշեր նստել են բանդայի «պարագլխի» ընկերուհու տանը, հետո` զենք հայտնաբերել

7 տղամարդ ողջ գիշեր նստել են բանդայի «պարագլխի» ընկերուհու տանը, հետո` զենք հայտնաբերել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2011-ի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի գործով հերթական դատական նիստը:

 

Պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությամբ` այսօր դատարանում ցուցմունք տվեցին ամբաստանյալ, բանդայի ենթադրյալ պարագլուխ Արտուշ Հակոբյանի ընկերը` Արմեն Մկրտչյանը, և նրա ընկերուհին` Լիլյա Սահակյանը:

 

Հիշեցնենք, որ, ըստ նախաքննության, Արտուշ Հակոբյանը վնասազերծմանը նախորդող օրը` սեպտեմբերի 21-ին,  կազմակերպել և մասնակցել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակմանը: Սակայն, ինչպես նախաքննության, այնպես էլ դատարանում տված իր ցուցմունքներում և հայտարարություններում, Հակոբյանը հայտնել է, որ այդ օրն ինքն ընկերոջ` Արմեն Մկրտչյանի հետ եղել է Լիլյա Սահակյանի տանը և նշել Արմենի ծնունդը:

 

Այսօր դատակոչված երկու վկաներն էլ փաստեցին, որ, իսկապես, այդ օրը եղել են Արտուշ Հակոբյանի հետ և գիշերն անցկացրել Սահակյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանում: Մասնավորապես` Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ Արտուշին ճանաչում է 90-ական թվականներից և նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Նա պատմեց, որ Արտուշի հետ մի քանի անգամ նշել է իր ծննդյան տարեդարձը, իսկ հերթական անգամ `2011-ի օգոստոսի 21-ին, իր ծնունդը նախ նշել են Գառնիում` Արտուշի հոր և հորեղբոր հետ, այնուհետև ամբաստանյալի ընկերուհու տանը: Ըստ նրա` Լիլյա Սահակյանենց տուն գնացել են երեկոյան, և քանի որ իրենք գինովցած էին, և ուշ ժամ է եղել, գիշերել են այնտեղ, ընդ որում` ինքը քնել է բազմոցին, իսկ Արտուշն առանձնացել է Լիլիայի հետ:

 

Մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը Մկրտչյանին խնդրեց հայտնել այն հեռախոսահամարը, որն իր մոտ է եղել 2011-ի օգոստոսին: Սակայն վկան պատասխանեց, որ չի հիշում, քանի որ ամռանը հոր գերեզմանի մոտ կորցրել է բջջայինը, հետո նոր համար վերցրել:

 

Վկան նաև հայտնեց, որ առաջին անգամ է լսում, որ իր ընկերը մեղադրվում է Նապոլեոն Ազիզյանի տանը կատարված գողության մեջ: «Ես իրենից նման բան չեմ սպասում»,- ասաց նա:

 

Դատակոչված մյուս վկան էլ հայտնեց, որ Արտուշին ճանաչում է վաղուց` 33 տարվա ընկերներ են, իսկ Արմենին` 1998-ից: Ըստ նրա` Արմենն իր ` Թումանյան փողոցի տան հարևանն է եղել: Նա պատմեց, որ Արմենի ծննդյան օրը խոսել է Արտուշի հետ և, տեղեկանալով, որ Արմենը նրանց հետ է, առաջարկել է անպայման գալ իրենց տուն: «10 տարի չէի տեսել Արմենին, ասացի` որ ժամն էլ լինի, եկեք, սպասում եմ, տորթ ունեմ, կհյուրասիրեմ: Հետո երեկոյան «Դժվար ապրուստ» սերիալն էի նայում, այն սկսվում էր 01:35 և 50 րոպե էր տևում, կինոս ավարտվեց, իրենք եկան: Հետները «Hennessy» կոնյակ էին բերել, ես էլ քաղցր սեղան էի գցել, խմեցին: Արդեն ուշ էր, իրենք էլ գինովցած էին, մնացին»,- պատմեց վկան և հավելեց, որ հաջորդ օրը` կեսօրից հետո, Արտուշն իրեն տարել է աշխատանքի:

 

Ի դեպ, վկան հայտնեց, որ մինչև հիմա պահել է կոնյակը: Պաշտպան Գուրգեն Արսենյանի հարցին` արդյո՞ք խուզարկել են Ձեր բնակարանը, Սահակյանը պատասխանեց. «7 հոգով եկել են մեր տուն, ամբողջ գիշեր նստել են, ես մենակ էի, իրենք` 7 տղամարդ »,-ասաց նա և հավելեց, որ իրենց տանից առգրավել են իր հորը պատկանող մեկնարկային ատրճանակ: Նա նշեց, որ դեպքից մեկ տարի անց են միայն իրեն հրավիրել հարցաքննության:

 

Դատախազի հարցին` արդյոք պատրա՞ստ է ամբաստանյալի համար ինչ-որ «զոհաբերության» (խմբ. նկատի ուներ, օրինակ, նրան փրկելու համար սուտ ցուցմունք տալ), վկան պատասխանեց` ոչ, երբեք:

 

Այսպիսով` լրացուցիչ վկաների հարցաքննությունը ևս ավարտվեց: Դատարանն այսօր որոշում կայացրեց հրապարակել գործից անջատված մասով անցնող ամբաստանյալ Քյարամ Ամոյանի նախաքննական ցուցմունքը: