Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցների պատճառով հրդեհ էր ընկել Տավուշի մարզի Այգեպար գյուղի երկու տներում. հրդեհի հետևանքով տներն ամբողջությամբ այրվել էին: Անօթևան մնացած ընտանիքները կարողացել էին միայն մի քանի կտոր հագուստ դուրս բերել բնակարաններից: Երկու օր անց Տավուշի մարզպետարանը հայտարարեց, որ հակառակորդի կրակոցների պատճառով հրդեհված տների բնակիչներին նույն գյուղում բնակարաններ են հատկացվել:
Yerkir.am-ի հետ զրույցում Արշալույս Գևորգյանը, ով տուժած ընտանիքներից մեկի անդամներից է, նշեց, որ արդեն քանի օր է` տուն են տեղափոխվել, փորձում են հարմարվել ու տան կոմունալ խնդիրները լուծել` ջուր, գազ քաշել: Բնակարանում «մի թեթև» կահույք կա` 1-2 անկողին, պահարան, բայց «հին ու մին»:
Երկրորդ ընտանիքն արդեն 3 օր է` վերադարձել է Հայաստան. ամուսիններով գնացել էին Ռուսաստան` արտագնա աշխատանքի մեկնած տղաների մոտ: 66-ամյա Վանո Վարդազարյանը նշեց, որ Այգեպարում երկուսով են ապրում` ինքն ու կինը: Վարդազարյանը 5 երեխա ունի` 3 աղջիկ, երկու տղա. տղաները Ռուսաստանում արտագնա աշխատանքի են մեկնել, աղջիկներից երկուսը նույնպես` ամուսնացել ու ՌԴ-ում են ապրում. մյուս աղջիկը Բերդ է հարս գնացել:
«Իմ թոշակի հույսին ենք, կինս դեռ թոշակ էլ չի ստանում: Տղաներս են մեկ-մեկ մի երկու մանեթ փող ուղարկում` օգնում: Տարիներ առաջ մի երկու անասուն ունեինք` էն էլ որ արոտավայր չունեինք` չէինք կարողանում պահել, ծախեցինք` կերանք: Հողագործություն էլ չենք կարողանում անել, հող չունենք, ազատ հողերն էլ գնդակի բերանին են»,-ասաց Վարդազարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այրվող տների միջից հագուստ էլ չեն կարողացել հանել` վառվել-մոխրացել է ամեն ինչ: Մի երկու անկողին է մնացել, այն էլ` «ծռմռվել է` պիտանի չեն, երկաթներն են, էլի , մնացել»: Արդեն երեք օր է` ամուսինները հարևանի տանն են գիշերում, բայց անհարմար են զգում` այսպես երկար չեն կարող:
«Թե որ քուչեքումն ենք մնալու` գյուդում չեմ, չնայած ասում են` տան հարցն արդեն լուծվում ա: Տունը որ տան էլ` բա մեր եղա՞ծը` ուր ենք պառկելու, ինչի՞ մեջ ճաշ սարքելու` հա, կարող է շատ պարզ է հնչում, բայց էդ էլ չունենք ու հնար էլ չունենք, որ մի բան ստեղծենք: Ինչ ասեմ` թե կարաք մի բանով քյոմակ անեք /օգնեք/` երախտապարտ կլինենք»,-ասաց Վարդազարյանը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ տեղեկացրեց, որ հույս ունի այսօր ընտանիքն արդեն նրանց հատկացված տանը կգիշերի, քանի որ իրենք անում են ամեն ինչ` խնդիրը մեկ օր շուտ լուծելու համար:
«Նոտարական գործողություններն ենք անում, թղթաբանական հարցեր կան: Հանգստայն, ոչ աշխատանքային օրերը մեջտեղ ընկան` դրա համար ձգձգվեց, բայց հիմա էլ Վարդազարյանը սենյակումս` դիմացս նստած է, թղթերն ենք կարգավորում: Երկու տներն էլ վերանորոգման կարիք ունեն, հին տներ են` կոմունիստների թվի սարքած շենքում, կահավորման կարիք էլ կա»,-ասաց Այդինյանը:
Լուսանկարները` Մաղաքիա վարդապետ Ամիրյանի